Հուլիսի 6-ին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն ընդունեց «Շտիգեն» ընկերության ներկայացուցիչներին: Քննարկման առարկան արևային էներգիան Վանաձորի շենքերին և համայնքապետարանի ենթակայության մի շարք հիմնարկներին հասանելի դարձնելն էր:
«Շտիգեն»-ը հանդիսանում է «SunRain» ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում և Վրաստանում: Իրականացնում է արևային համակարգերի հետ կապված բոլոր աշխատանքները՝ սկսած նախագծումից, վաճառքից, տեղադրումից մինչև հետվաճառքային սպասարկում: Ընկերությունն արդեն մի շարք ծրագրեր իրականացրել է ՀՀ մարզերում:
Ծավալելով իր գործունեությունը վերականգնողական էներգետիկայի ոլորտում՝ «Շտիգեն» ընկերությունը որդեգրել է արևային էներգետիկայի լուծումները հայ ընտանիքներին հասանելի դարձնելու քաղաքականություն: Այն նպաստում է էներգետիկ անկախությանը և խթանում էկոլոգիապես մաքուր և անվտանգ տեխնոլոգիաների տարածումը Հայաստանում: Արևային էներգետիկան մեծ ներուժ ունի Հայաստանում, իսկ ներկրվող ավանդական էներգիայի աղբյուրներից կախվածությունը դրա զարգացումն առավել արդիական են դարձնում Հայաստանի համար:
Ընկերության նպատակն է նոր տեխնոլոգիաները հասանելի դարձնել մասնավոր տների, ինչպես նաև բիզնեսների համար՝ նվազեցնելով նրանց ծախսերը, բարձրացնելով նրանց անկախությունը ավանդական էներգիայի աղբյուրներից և աջակցելով անցում կատարելու էկոլոգիապես առավել մաքուր և անվտանգ համակարգերի:
Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նախ սկսել «Լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի ջեռուցման և էլեկտրամատակարարման խնդիրները լուծելու գործընթացը: