Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն այցելել է համայնքի տարբեր թաղամասեր՝ տեղում ծանոթանալու խնդիրներին, որոնցով քաղաքացիները պարբերաբար դիմում են համայնքապետարան։
Բնակիչները դժգոհում են ճանապարհների վիճակից, անձրևաջրեից քայքայված տանիքներից ու անբարեկարգ բակերից։
Տարոն 2 թաղամասի ՔՇՀ 82-86 շենքերի բակ Արկադի Փելեշյանը Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի ղեկավար Բենիկ Նազարյանի հետ միասին այցելել էր տեսնելու, թե բակի որ հատվածն է ավելի հարմար նախատեսված խաղահրապարակի համար։ Բնակիչները համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկեցին տեղանքի նպատակահարմարությունը, տեղեկացրին, որ բակում նաև լուսավորության խնդիր կա։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը խոստացավ՝ լուսավորություն ու խաղահրապարակ շուտով կունենան։ Բնակիչները նշեցին, որ աղբն էլ է խնդիր, բայց ընդունում են՝բնակչության մեղավորությունն էլ կա։
Առաջիկայում խաղահրապարակ կկառուցվի Շիրակի 56-58 շենքերի բակում։ Շիրակի 56-58 շենքերի բնակիչները համայնքապետի պաշտոնակատարին ներկայացրեցին շտապ լուծում պահանջող խցանված կոյուղու հարցը։ Խցանման պատճառով ջուրը շենքի նկուղն է լցվում։ Կոմունալ բաժինը հանձնարարություն ստացավ արագ խնդիրը վերացնելու։
Չուխաջյան 26, 28, 30 շենքերի բակ այցելությունից հետո, քննարկվեց ու որոշվեց նորոգել ու կահավորել մարզահրապարակը։
Այսօրվա շրջայցի վերջին կանգառը քաղաքի կենտրոնում ՝ փողոցի բարեկարգման աշխատանքների ստուգումն էր։