Շրջայց սուբվենցիոն ծրագրերի շինհրապարակներում

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանը, Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը, Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանը և ոլորտի մի խումբ պատասխանատուներ շրջայց կատարեցին 2021 թ․ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների շինհրապարակներում, տեղում ծանոթացան ծրագրերի ընթացքին։

«Վանաձոր համայնքի Աղայան փողոցի հիմնանորոգում» ծրագրի ընթացքը մտնում է գործնական փուլ։ Ավարտական փուլում են մայթերի  եզրաքարերի փոխարինման աշխատանքները։ Մեկնարկել են երթևեկելի գոտու կառուցման աշխատանքները։

Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը եղավ նաև «Վանաձոր համայնքի նոր պանթեոն և թիվ 2 գերեզմանատուն գնացող փողոցի հիմնանորոգում» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների շինհրապարակում։ Այստեղ պատրաստվել է ասֆալտի նախաշերտը, կառուցվել են ջրահեռացման առուներ (վաքեր), ճանապարհն արդեն մասամբ ասֆալտապատվել է։ Այն մեկ ամսից կհանձնվի շահագործման։

Հիշեցնենք, որ պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվում է նաև Սայաթ-Նովայի անվան զբոսայգին, որի աշխատանքները մոտենում են վերջնական փուլին։ Ճեմուղիների եզրաքարերն ամբողջությամբ շարված են, ավարտվել են բացօթյա ամֆիթատրոնի կառուցման աշխատանքները, պատրաստվում է ասֆալտի նախաշերտը, շուտով կսկսվեն ասֆալտապատման և սալիկապատման աշխատանքները։ Լուսավորության համակարգի մալուխների միացումները ևս տրված են, արդիականացված են ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերը։

«Վանաձոր համայնքի թիվ 8 մանկապարտեզի շենքի կառուցում» ծրագրի աշխատանքները ևս ընթացքում են։ Այստեղ արդեն իսկ ամբողջությամբ քանդվել են տարածքում առկա տնակները։ Մինչև տարեվերջ պատրաստ կլինի շենքի հիմքը։ Կառուցապատման աշխատանքները կիրականացվեն հաջորդ տարի։

You May Also Like