Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանը և ոլորտի մի խումբ պատասխանատուներ շրջայց կատարեցին 2021 թ․ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների շինհրապարակներում, տեղում ծանոթացան ծրագրերի ընթացքին։
«Վանաձոր համայնքի Աղայան փողոցի հիմնանորոգում» ծրագիրն ընթացքի մեջ է։ Ավարտական փուլում են մայթերի եզրաքարերի փոխարինման աշխատանքները։ Մեկնարկել են երթևեկելի գոտու կառուցման աշխատանքները։ Մարզպետը գործընթացն ուումնասիրեց տեղում, ապա ներկաներն ուղևորվեցին Վանաձոր համայնքի թիվ 8 մանկապարտեզի տարածք, որտեղ նոր շենք է կառուցում։ Ծրագրի աշխատանքները նախնական փուլում են։ Մասամբ քանդվել են տարածքում առկա տնակները։ Մինչև տարեվերջ պատրաստ կլինի շենքի հիմքը։ Կառուցապատման աշխատանքները կիրականացվեն հաջորդ տարի։
Շրջայցի մասնակիցների հաջորդ կանգառը Սայաթ-Նովայի անվան զբոսայգին էր։ Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվում է նաև այս զբոսայգին, որի աշխատանքները մոտենում են վերջնական փուլին։ Ճեմուղիների եզրաքարերն ամբողջությամբ շարված են, ավարտվել են բացօթյա ամֆիթատրոնի կառուցման աշխատանքները, պատրաստվում է ասֆալտի նախաշերտը, շուտով կսկսվեն ասֆալտապատման և սալիկապատման աշխատանքները։ Լուսավորության համակարգի մալուխների միացումները ևս տրված են, արդիականացված են ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերը։
Վանիկ Օհանյանը և Արամ Խաչատրյանը եղան նաև «Վանաձոր համայնքի նոր պանթեոն և թիվ 2 գերեզմանատուն գնացող փողոցի հիմնանորոգում» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների շինհրապարակում։ Այստեղ կառուցվել են ջրահեռացման առուներ (վաքեր), ճանապարհն օրերս ամբողջությամբ ասֆալտապատվել է։