Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շնորհավորական ուղերձը Բանակի Օրվա կապակցությամբ

Սամվել ԴարբինյանՍիրելի հայրենակիցներ, սիրելի վանաձորցիներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:

1992 թ. հունվարի 28-ին, պատերազմի, շրջափակման ու սովի պայմաններում հայ ժողովուրդը ստեղծեց իր բանակը: Հայկական բանակի ստեղծումը պատմական իրադարձություն էր: Այն կանխորոշեց հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի խաղաղ ու կայուն ապագան։

Հայոց բանակի ստեղծման 23-րդ տարեդարձի օրը գլուխ ենք խոնարհում Արցախի ազատագրության, Հայաստանի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակի առջև: Նրանց սխրանքն արդեն հայ ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկն է:

Շատ կարճ ժամանակահատվածում Հայոց Բանակը դարձավ մարտունակ և պատրաստ դիմագրավելու թշնամու ոտնձգություններին: Հատկապես վերջին ժամանակահատվածում մենք ականատես ենք լինում սահմանին կանգնած հայ ազգի զավակների հերոսություններին: Մեր բանակը պատրաստ է ոչ միայն հետ մղելու թշնամուն, այլ նաև արժանի հակահարված տալ նրան: Այսօրվա սերունդն արժանի ժառանգորդն է պատերազմ հաղթած մեր հերոսների:

Այսօր ունենք հզոր ու մարտունակ բանակ, որն ունակ է պաշտպանելու մեր բոլորիս խաղաղ կյանքը:

Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել այս պահին սահմանին կանգնած մեր զինվորներին և սպաներին:

Շնորհավոր տոնդ Հայ Զինվոր, շնորհավոր տոնդ Հայ Սպա: Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, անվտանգ եւ արժանապատիվ կյանք, իսկ ողջ հայությանը միասնություն՝ համազգային նպատակների իրականացման գործում:

You May Also Like

Leave a Reply