Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մարտի 4-ին ընդունեց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ՊՊԾ դասակի տարբեր ջոկերի աշխատակիցների: Քաղաքապետը, ի դեմս նրանց, շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության, մասնավորապես բաժինների և ստորաբաժանումների ղեկավարներին՝ համաքաղաքային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանմանը միտված իրենց գործառույթները բարձր մակարդակով իրականացնելու, հասարակության անդորրը պահպանելու և կարգուկանոն հաստատելու համար:
«Ձեր օրինակելի վարքագծից կախված է նաև քաղաքի բնակիչների վարքագիծը: Որքան քաղաքակիրթ և օրենքի տառին համապատասխան է գործում ոստիկանությունը, այնքանով նաև զգաստացնում է մեր համաքաղաքացիներին: Ձեր գրագետ գործողությունները միտված են նաև հասարակական կարգը խախտելու, ոչ օրինաչափ գործողություններ կատարելու հակում ունեցող քաղաքացիների զսպվածությանը և ունեն կանխարգելիչ նշանակություն: Բարդ պայմաններում քաղաքական ցնցումների, մարդկային մեծ կուտակումների պայմաններում դուք կարողանում եք ճիշտ կողմնորոշվել, սառը դատել և գործել հանուն հայոց պետականության ու կատարել ձեր գործառույթները»,-ասաց Մամիկոն Ասլանյանը:
Համայնքի ղեկավարը իրավակարգի ամրապնդման գործում ցուցաբերած նվիրվածության, ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու և աշխատանքում լավագույն արդյունքների ձեռքբերման համար շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց ոստիկաններին: