Այսօր՝ մայիսի 21-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընկալել էր Լիլիա Աբրահամյանին, ում շնորհիվ Վանաձորի մանկապարտեզները համալրվեցին անհրաժեշտ գույքով:
Նշենք, որ ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպական հրամանատարության «Հումանիտար օգնության ծրագրի» շրջանակում, ինչպես նաև ԱՄՆ դեսպանի և ԱՄՆ Դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի Միջռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանի աջակցությամբ Վանաձորի մանակապարտեզներին տրամադրվել է մոտ 150 մլն դրամի գույք:
Նախաձեռնության հեղինակը Լիլիա Աբրահամյանն է, ում ջանքերով հնարավոր է դարձել իրականացնել այս ծավալուն աշխատանքը:
Մանկապարտեզները ձեռք բերեցին սառնարաններ, աման լվացող մեքենաներ, հարմարավետ մանկական աթոռներ, պահարաններ և այլն:
«Շնորհակալ ենք այն լայնածավալ աշխատանքի և օգնության համար, որը Ձեր միջնորդությամբ տրամադրվել է մեր մանկապարտեզներին: Մաղթում եմ հաջողություններ: Թող Ձեր գործունեությունը լինի շարունակական՝ ի նպաստ մեր երեխաների, ի նպաստ մեր քաղաքի և դառնա օրինակ ուրիշների համար: Մենք տեսանք նաև Ձեր աշխատանքը արտակարգ դրության պայմաններում, երբ կանգնած էիք ծերերի և երեխաների կողքին»,- ասաց Մամիկոն Ասլանյանը: Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց նաև ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպական հրամանատարությանը, ԱՄՆ դեսպանին, դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակին, նախաձեռնությունը կյանքի կոչող բոլոր անձանց ու կառույցներին, ինչպես նաև Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանին և բաժնի գլխավոր մասնագետ Սևակ Սարգսյանին:
Նախաձեռնության հեղինակը համայնքի ղեկավարի կողմից արժանացավ շնորհակալագրի՝ Վանաձոր համայնքում ծավալած մարդասիրական գործունեության, համայնքի մանկապարտեզներին մշտապես աջակցելու և երեխաների կյանքն առավել անհոգ և հարմարավետ դարձնելու անգնահատելի աշխատանքի համար:
Լիլիա Աբրահամյանն իր հերթին ասաց. «Շնորհակալ եմ, որ որպես քաղաքապետ միշտ կանգնած եք բոլոր այն մարդկանց կողքին, ովքեր ուզում են ինչ-որ բան անել քաղաքի համար: Միշտ հասանելի եք: Շնորհակալ եմ Կրթության, մշակույթի և զբոսաշրջության հարցերի բաժնին՝ կազմակերպչական և կամավորական աշխատանքի համար: Հուսով եմ, որ համագործակցությունը շարունակական կլինի»: