Փետրվարի 27-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: Վանաձոր համայնքի ղեկավարի շնորհակալագրերին արժանացան 2018 թ.-ին կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտում նշանակալի հաջողությունների հասած 40 աշակերտներ, ուսուցիչներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Օրվա հերոսներին նախ ողջունեց Մամիկոն Ասլանյանը. «Մենք պարտավոր ենք այս մարդկանց հանդեպ շարունակական ուշադրություն ցուցաբերել: Գովելի է, երբ հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր իրենց տաղանդով և ինտելեկտով կարողանում են քաղաքի անունը տարբեր հարթակներում բարձր պահել: Մենք պլանավորում ենք ավագանու միջոցով որոշակի ենթաօրենսդրական հիմք ստեղծել, որպեսզի տարբեր անվանակարգերում տարեվերջին քաղաքում լինի նաև պարգևատրում՝ անկախ այն բանից, թե այդ ոլորտները համայնքապետարանին պատկանում են, թե ոչ: Ամեն դեպքում մեր յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն զգա կարևորված և գնահատված:»,-ասաց համայնքի ղեկավարը: Կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանն էլ շտապեց ուրախացնել մանրամասներով: Նախատեսվում է սահմանել կրթաթոշակներ տարբեր ոլորտներում ակնառու հաջողությունների հասած անհատների համար. «Կրթաթոշակների հետ կապված նախաձեռնությունը ինձ համար երկար ժամանակ եղել է երազանք: Սա հնարավորություն կստեղծի, որպեսզի տաղանդավոր երեխաները վերջապես ստանան կրթաթոշակ: Մենք համոզված ենք, որ ավագանին կընդունի այդ որոշումը և տարվա վերջում արդեն հայտնի կլինի, թե հաջորդ տարի ովքեր կստանան կրթաթոշակ: Մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի Վանաձորը վերջապես ունենա սիմֆոնիկ նվագախումբ: Դա ևս մեկ ձեռքբերում է մեր քաղաքի համար: Ձեզ նման մարդիկ ուժ են տալիս, որպեսզի ամեն ինչ անենք, որ ձեր հաջողությունները տարեցտարի ավելանան»:
Վերջում ներկաները պարգևատրվեցին Վանաձոր համայնքի ղեկավարի շնորհակալագրերով և ծաղիկներով, ապա բոլորը միասին լուսանկարվեցին: