Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի համար նոր թեքահարթակի նախագծի մշակում

Այսօր՝ հունիսի 18-ին, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը: Մասնակցում էին Վանաձորի համայնքապետրանի աշխատակազմի Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը, ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի անդամները, հաշմանդամության հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներ: Օրակարգում Վանաձորի համայնքապետարանի կողմից 2019 թ. քանդված Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի գլխավոր մուտքի մոտ թեքահարւթակի վերականգնման հարցն էր, որը նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ է քննարկվել:
Նիստի արդյունքում որոշվեց մեկամսյա ժամկետում Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից մշակել մուտքի թեքահարթակով ապահովման նախագիծ, որը համահունչ կլինի շենքի ճարտարապետությանը: Այն կքննարկվի շահառուների հետ, ընդունելի լինելու դեպքում կուղարկվի ՀՀ պետական լիազոր մարմնին՝ համաձայնեցման: Ըստ այդմ կորոշվի հետագա անելիքը: Բաժինը բաց է՝ ընդունելու և քննարկման ներկայացնելու այլ նախագծեր ևս:
Նշենք, որ այս հարցը բարձրացվել էր 26.05.2021 թ. նիստի ժամանակ: Արդյունքում առաջարկվել էր հաշմանդամության հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ («Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ, «Լուսաստղ» ԲՀԿ) քննարկումներից հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել երկուստեք ընդունելի տարբերակ:

You May Also Like