Մարզպետարան-Վանաձորի համայնքապետարան համագործակցության արդյունքում համապետական շաբաթօրյակին ընդառաջ ՝ Վանաձորի համայնքապետարանը օգնության ձեռք մեկնեց Արջուտ համայնքին և վերացրեց միջպետական ճանապարհին առաջացած աղբավայրը՝ օգտագործելով տեխնիկա և բավարար մարդկային ներուժ:
Կազմակերպչական և նախապես իրականացված իրազեկման աշխատանքների շնորհիվ՝ մարտի 23-ին շաբաթօրյակի են դուրս գալու շուրջ 14 000 բնակիչներ, այդ թվում՝ տարբեր պետական, տարածքային և համայնքապատկան կառույցների աշխատակիցներ, հիմնարկ-ձեռնարկություններ, բնակիչներ և այլք: Առավել անհամբեր էին մշակույթի գործիչները: Օրինակ՝ «Հորովել» երգի-պարի անսամբլի աշխատակազմը նախապես մաքրեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակն ու շրջակայքը և կատարեց բարեկարգման աշխատանքներ, թեև մարտի 23-ին ևս ողջ կոլեկտիվը մասնակցելու է շաբաթօրյակին: Համայնքապետարանի Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախաձեռնությամբ կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից բարեկագվեցին և աղբակույտերից մաքրվեցին Բանակի և Կամոյի փողոցների որոշ հատվածներ:
Համապետական շաբաթօրյակի մեկնարկը Վանաձորում կտրվի Հայքի հրապարակում, ժամը՝ 10:00-ին: Շաբաթօրյակին ընդառաջ Վանաձորի համայնքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի կողմից հայտնաբերվել է 37 աղբակույտ: Քաղաքը բաժանվել է 3 գոտիների: Ստեղծվել են 3 աշխատանքային խմբեր՝ աղբատեղիները վերացնելու նպատակով: 1 աշխատանքային խումբ էլ ստեղծվել է հին ավտոմեքենաների թափքերը տեղափոխելու նպատակով: