Այսօր՝ հուլիսի 17-ին, Վանաձորում անցկացվեց համաքաղաքային շաբաթօրյակ: Ներգրավված էր 5 միավոր տրակտոր, 2 ջրցան, 10 ինքնաթափ բեռնատար մեքենա: Համայնքանապետարանի ողջ անձնակազմը՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ մաքրման աշխատանքներ էր իրականացնում այգիներում, պուրակներում, հուշարձանների և հանգստի գոտիների տարածքներում: Մամիկոն Ասլանյանը նշում է, որ վերջին մեկ տարում համավարակի և պատերազմի պատճառով շաբաթօրյակներ չեն իրականացվել: Այս տարի սա աշխատանքի խրախուսման և միասնականության առաջին միջոցառումն է: Համայնքի ղեկավարի խոսքով՝ շաբաթօրյակները մեծ խնդիր չեն լուծում, սակայն միասին կատարած աշխատանքը, քաղաքի նկատմամբ հոգատարությունը և մաքրության նկատմամբ ուշադրությունը ստիպում են, որ մենք ունենանք նման միջոցառումներ. «Կոլեկտիվ կատարված ցանկացած աշխատանք կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի լուման է: Ուզում եմ, որ այն վարակիչ լինի մեր յուրաքանչյուր համաքաղաքացու, յուրաքանչյուր կոլեկտիվի համար, և կարողանանք համատեղ ուժերով մաքուր պահել մեր քաղաքը»:
Այսօր շարունակում է խնդիր լինել նաև աղբի համար նախատեսված վայրերից դուրս աղբաթափումը, ինչպես նաև այգեգործական և շինարարական աշխատանքների հետևանքով կուտակված աղբի տեղափոխումը կենցաղային աղբի համար նախատեսված աղբարկղերի տարածք: Վերջին տարիների շաբաթօրյակների արդյունքում քաղաքն ու նրա մերձակայքը մեծ առումով մաքրրվել է խոշոր եզրաչափի աղբից: Համայնքի ղեկավարը նշում է, որ եթե առաջին շաբաթօրյակների ընթացքում 50-100 ապօրինի աղբավայրեր էին հայտնաբերվում և մաքրվում, ապա այսօր դրանք մոտ տասն են, որոնք ընթացիկ աշխատանքների արդյունքում պարբերաբար մաքրվում են:
Եվրամիության և այլ ծրագրերի շրջանակներում շուտով ձեռք կբերվեն պլաստմասսե 400 աղբարկղեր՝ փակ կափարիչներով, որոնք կտեղադրվեն քաղաքի տարբեր վայրերում: Նախատեսվում է նաև պլաստիկի և այլ նյութերի տեսակավորման խնդիրը լուծել, որից հետո կլուծվի նաև պլաստիկից շինանյութ ստանալու խնդիրը, որը կօգտագործվի քաղաքի բարեկարգման համար: