«Կյանքից՝ արվեստ, արվեստից՝ հավերժություն»

Հունվարի 9-ին Վանաձորի Կերպարվեստի թանգարանում տեղի ունեցավ քանդակագործ, ժողովրդական վարպետ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Սերգեյ Դանիելյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը՝ «Կյանքից՝ արվեստ, արվեստից՝ հավերժություն» խորագրով։
Միջոցառմանը ներկայացվեցին Սերգեյ Դանիելյանի ստեղծած խաչքրերի լուսանկարերը։
Միջոցառմանը ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Հովնան արքեպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, համայնքապետարանի կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, արվեստագետներ, մտավորականներ։
Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ տեր Հովնան արքեպիսկոպոս Հակոբյանը օրհնության խոսք ասաց։
Վարպետին շնորհավորեց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։ Նա Սերգեյ Դանիելյանին պարգևատրեց «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով’ Հայ միջնադարյան մշակույթի հանրահռչակման գործում նշանակալի ավանդի համար։
Շնորհավորանքի ելույթ ունեցավ Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը։ Նա արժևորեց վարպետի վաստակը խաչքարը վերստին կյանքի կոչելու գործում։
«Սովետական տարիներից հետո խաչքարերը մեզանում կրկին հայտնվեցին Ձեր շնորհիվ։ Դուք մեծապես նպաստել եք հայկական խաչքարի հանրահռչակմանը նաև արտասահմանում»,- ընդգծեց Արման Բերնեցյանը։
Սերգեյ Դանիելյանի խաչքարերը , որոնց թիվը հասնում է 700-ի, տեղադրված են 15 երկրներում՝ ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա, Չինաստան, Շվեդիա, Հունաստան, Հոլանդիա, Վրաստան և այլն։
Վանաձորում տեղադրված խաչքարերից ամենահայտնին թերևս Սուրբ Աստվածածին եկեղեցու նահատակաց պուրակում գտնվող 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարն է։
Վանաձոր համայնք ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի անունից Արման Բերնեցյանը և կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը շնորհավորագիր հանձնեց Սերգեյ Դանիելյանին։

You May Also Like