Սիրելի աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ ու ծնողներ,
Լավագույն մաղթանքներով շնորհավորում եմ բոլորիդ այս հիասքանչ տոնի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Այս տոնով ազդարարվում է նոր ուսումնական տարվա սկիզբը, որը հնարավորություն է ընձեռում նոր գիտելիքներով հարստանալու ու նոր նպատակներ կյանքի կոչելու համար: Ավանդաբար մեր ազգը խոր հարգանք է տածում գիտելիքի և կրթության հանդեպ: Եվ դրա շնորհիվ է, որ այս տոնը սիրված է և սպասելի: Այս օրը յուրահատուկ է հատկապես առաջին անգամ դպրոց ոտք դնող մեր փոքրիկների համար: Սիրելի՛ փոքրիկներ, բարի գալուստ ձեր կյանքի նոր փուլ, որտեղ, համոզված եմ, իրենց հոգատար ու բանիմաց վերաբերմունքով մեր կողմից սիրված և հարգված մանկավարժները ձեզ կփոխանցեն իրենց գիտելիքներն ու փորձը:
Գիտելիքն անգնահատելի արժեք է: Վստահ եմ, որ գիտելիքներով հարստացած սերունդն է մեր երկրի ապագան, մեր վաղվա օրը: Յուրաքանչյուր պետության և հասարակության վաղվա օրը երաշխավորված է, եթե հասարակության անդամները կրթված են: Այսօր մեր մանկավարժների հայրենանվեր աշխատանքի շնորհիվ դպրոցը դարձել է այն դարբնոցը, որի շնորհիվ կրթվում և հետագայում մասնագիտանում են մեր երեխաները: Կրթված անհատը երկրի հարստությունն է, մեր պետականության պահապան ու ազգային արժանապատվության կրողը:
Կրկին շնորհավորելով Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ` մանկավարժներին մաղթում եմ հաջողություններ կրթության հայրենանվեր գործում, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, իսկ աշակերտներին և ուսանողներին՝ նոր գիտելիքներով հարուստ ուսումնական տարի: