Վանաձոր համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանի շնորհավորական ուղերձն Անկախության տոնի առթիվ

Սիրելի՛ վանաձորցիներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:

25 տարի առաջ 1991թ. սեպտեմբերի 21-ին՝ պատմական ու նվիրական այս օրը, հայ ժողովուրդը համաժողովրդական շարժման, համառ ու անկոտրուն պայքարի շնորհիվ իրականացրեց անկախ ու ազատ ապրելու դարավոր իր երազանքը: 1991թ. սեպտեմբերի 21-ին Անկախության հանրաքվեով հայ ժողովուրդը Երրորդ Հանրապետության հիմքը դրեց: Այդ օրը հայ ժողովրդը կանգնեց նոր՝ անկախության ուղու վրա:

Նորանկախ Հայաստանն անցել է բազում փորձություններով: Մի պահ նայելով անցյալին՝ պետք է հպարտությամբ նշենք, որ պատերազմի և շրջափակման միջով անցած հայ ժողովուրդն իր կամքը թելադրեց թշնամիներին և վերահաստատեց անկախ ապրելու իր դարավոր ձգտումը: Արևելքից և արևմուտքից այսօր էլ լինելով շրջապատված թշնամի պետություններով՝ անկախության տարիներին ծնված և դաստիրակված հայորդիները զենքով պաշտպանում են մեր պետության սահմանները՝ շարունակելով իրենց պապերի և հայրերի նվիրական գործը: Այս տարվա ապրիլյան պատերազմի ժամանակ մեր քաջարի զավակները մեկ անգամ չէ, որ ցույց տվեցին հայ ժովողրդի անկոտրուն կամքն ու բազկի ուժը: Մեր հերոս տղաները, չխնայելով նույնիսկ իրենց կյանքը, պաշտպանեցին և ամեն օր պաշտպանում են մեր սահմանները, անկախությունն ու մեր խաղաղ ապրելու իրավունքը:

Մեր երիտասարդ պետությունը, անշուշտ, ունի բազում չլուծված խնդիրներ: Սակայն վստահ եմ, որ հայ ժողովրդի նվիրվածության, սրտացավության, աշխատասիրության և հետևողականության շնորհիվ բոլոր խնդիրները կստանան իրենց լուծումները:

Ի սրտե շնորհավորելեվ ևս մեկ անգամ Անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ մեր հայրենիքին խաղաղ երկինք, նոր ձեռքբերումներ և հաղթանակներ բոլոր բնագավառներում:

You May Also Like

Leave a Reply