Այսօր աշխատանքային այցով Վանաձորում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան։
Նախարարը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ուղեկցությամբ հետևել է Վանաձորում պետբյուջեի ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին:
Վանաձորում մեծածավալ ճանապարհաշինական ծրագրերի մեկնարկը տրվել է այս տարվա մայիսի սկզբին։
ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ 2023թ. Վանաձորում նախատեսված ճանապարհաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը 1.75 մլրդ դրամ է: Ընդհանուր առմամբ նախատեսվում է նորոգել 5.93 կմ ճանապարհ:
Նախարարը հետևել է Կ. Դեմիրճյան փողոցի 3.7 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ Ծրագրի պայմանագրային արժեքը 834.5 մլն դրամ է:
Դիտարկվել է նաև Գրիգոր Լուսավորիչ փողոցի 0.8 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքը։ Ծրագրային արժեքը 280.8 մլն դրամ է:
Դիտարկվել է Խորենացի փողոցի երկու երթևեկելի գոտիների հիմնանորոգման ընթացքը՝ ընդհանուր՝ 0.8 կմ։ Արժեքը՝ 272.9 մլն դրամ:
Պետբյուջեի ֆինանսավորմամբ մարզկենտրոնում հիմնանորոգվում են նաև Մոսկովյան փողոցի 0.63 կմ հատվածը (ծրագրի արժեքը 254 մլն դրամ) և Կոմիտաս Վարդապետի հրապարակից մինչև Նարեկացի փողոց տանող էստակադան(ծրագրի արժեքը՝ 105.5 մլն դրամ):
Սուբվենցիոն ծրագրերով Վանաձոր խոշորացված համայնքում այս տարի կհիմնանորոգվի և կասֆալտապատվի ևս 10 կմ ճանապարհ:
Նախարարը հետևել է նաև սուբվենցիոն միջոցներով հիմնանորոգվող Գ.Նժդեհ փողոցի շինարարության ընթացքին (արժեքը՝ 368 մլն 103 հազար դրամ): Աշխատանքները պետք է ավարտվեն մինչև հուլիս:
Վանաձորում մի շարք այլ ծրագրեր գտնվում են մրցութային կամ նախագծման փուլում։