2014 թվականից քաղաքապետի նախաձեռնությամբ քաղաքապետարանի աշխատակազմը որդեգրել է նոր աշխատաոճ, երբ ամեն ամսվա երկուշաբթի օրը տեղի է ունենում ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, և բաժնի պետերն ու ծառայությունների ղեկավարները ներկայացնում են նախորդ ամսում կատարված աշխատանքները:
Այդ կարգի աշխատանքային խորհրդակցությունները տեղի են ունենում նորացված և տեխնիկապես վերազինված դահլիճում, և յուրաքաչյուր ոլորտի հաշվետվությունն ուղեկցվում է տեսանյութի դիտումով, որը նախապես պատրաստում է լրատվական ծառայությունը:
Քաղաքապետ Սամվել Դարբինյանը բավարար գնահատեց նախորդ ամսում բաժինների կողմից կատարված աշխատանքները և հանձնարականներ տվեց առաջիկա ամսվա համար:
Առաջնահերթ համարվեց կենտրոնական փողոցների փոսային նորոգումները, որպեսզի հնարավոր լինի կարճ ժամկետում իրականացնել փողոցների նշագծումները, և կրկին հանձնարարվեց ակտիվ աշխատանքներ տանել այգիների վարձակալների հետ, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում այգիները ծառայեն քաղաքացիներին՝ որպես ժամանցի ու հանգստի վայրեր:
Հատկապես կարևորվեց Սայաթ Նովայի անվան քաղաքային այգու նորացման և բարեկարգման խնդիրը:
Հանձնարարվեց նաև սկսել քաղաքի կանաչ տարածքների բարեկարգումը և ծաղկանոցների ձևավորման աշխատանքները: Քաղաքապետը հիշեցրեց նաև, որ ապրիլ ամիսը հայտարարվել է շաբաթօրյակների ամիս, թեև եղանակային պայմանները թույլ չտվեցին անցկացնել առաջին շաբաթօրյակը:
Քաղաքապետն առաջարկեց առաջիկա երեք շաբաթներ համար սահմանել շաբաթօրյակների անցկացման հետևյալ կարգը.
Ամսվա երկրորդ շաբաթ օրը յուրաքանչյուր հիմնարկ ձեռնարկություն և կազմակերպություն մաքրման և բարեկարգման աշխատանքներ է իրականացնում իր ներքին տարածքում:
Երրորդ շաբաթ օրը յուրաքանչյուր հիմնարկ ձեռնարկություն իրականացնում է բարեկարգման և մաքրման աշխատանքներ իր հարակից արտաքին տարածքում, և եթե կարիք ունի հավաքված աղբի տեղափոխման և չունի հնարավորություն, ապա կարող է զանգահարել քաղաքապետարան և պատվիրել մեքենա հետևյալ հեռախոսահամարով՝ 4-03-97:
Չորրորդ շաբաթ օրը կազմակերպվում է համաքաղաքային շաբաթօրյակ, և բարեկարգման աշխատանքներ են իրականացվում քաղաքի ողջ տարածքում:
Քաղաքապետ Սամվել Դարբինյանը կարևորեց նաև մշակույթի ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավումը: Հանձնարարարվեց մշակույթի ոլորտի պատասխանատու Գոռ Բադյանին, որպեսզի հնարավորիս կարճ ժամկետում կազմակերպվի «Վանաձորյան Ձայն» մրցույթը և քաղաքապետարանի ենթակայության մշակության հիմնարկները և համույթները համալրվեն երիտասարդ տաղանդաշատ կատարողներով: Ինչպես նշեց քաղաքապետն իր եզրափակիչ խոսքում, մշակույթի ոլորտի երիտասարդացումն առաջնային խնդիր է:
Էդիկ Հովսեփյան