Ի նշանավորումն Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի` Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի շքնանշանակիր երգի-պարի անսամբլը,գեղարվեստական ղեկավար Ալեքսեյ Վալերիի Կոստյաննիկովի ղեկավարությամբ և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր Շտաբի հետ համագործակցությամբ, համերգային շրջագայություն է կազմակերպել Հայաստանում։
Մայիսի 11-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անսամբլը հանդես եկավ համերգով , ինչը նշանակալից մշակութային միջոցառում էր վանաձորցիների համար։
Անսամբլի ձևավորումն ավելի քան մեկդարյա պատմություն ունի.նավաստիների երգչախումբն ստեղծվել է 1903 թվականին Սևաստոպոլ քաղաքում` ռուս հանրահայտ երգիչ Ֆյոդոր Շալյապինի շնորհիվ։ Ժամանակից անսամբլը, ապրելով բուռն ստեղծագործական կյանքով, իր կատարողական արվեստն է ներկայացնում ոչ միայն զինվորականներին, այլ նաև արվեստասեր հանրությանը` տարբեր երկրներում։
Վանաձորում կայացած միջոցառմանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանի անունից, Մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետի պաշտոնակատար Քրիստինե Մադոյանը շնորհակալագիր հանձնեց անսամբլի գեղարվեստական ղեկավար Ալեքսեյ Կոստյաննիկովին` Վանաձոր համայնքում նման գեղեցիկ համերգով հանդես գալու, հայ-ռուսական դարավոր բարեկամության ավանդույթների պահպանման և երկու ժողովուրդների մշակութային բարեկամական կապերի ամրապնդման համար։