Այսօր աշխատանքային այցով Վանաձորում էր ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Դեսպանին դիմավորել են Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը։
Սերգեյ Կոպիրկինին, «Ռոսհամագործակցություն» կազմակերպության և Երևանում «Մոսկվայի տան» ներկայացուցիչների հետ, ընդունել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։
Հանդիպմանը կողմերն ընդգծել են հատկապես սերտ համագործակցությունը Վանաձորում գործող Ռուսական կենտրոնի հետ, նշելով, որ տարվա ընթացքում համատեղ տոնվում են բոլոր կարևոր միջոցառումները՝ մասնավորապես Ռուսական լեզվի օրը՝ Պուշկինի օրը, Դիվանագիտական աշխատողի օրը, Ռուսաստանի օրը և այլն:
Հյուրերն այցելել են Ռուսական կենտրոն, որը գործում է Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում։
Կենտրոնը բացվել է երեք տարի առաջ, «Մոսկվայի տան», Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի համագործակցության արդյունքում։ Շուրջ 300 երեխա այստեղ հաճախում են ռուսերեն լեզու, գրականություն, ռոբոտաշինություն անվճար դասերի։ Վերջին օրերին ավելացել է նաև ստվերների թատրոնի ուսուցում:
Ներկաները մասնակից են եղել բաց դասի, որ ավարտին դեսպանն ու մարզի ղեկավարը վկայագրեր են հանձնել ռոբոտաշինության խմբակը ավարտած երեխաներին:
Հաջորդիվ այցելել են «Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարան», որտեղ հյուրերին են ներկայացվել Թեղուտի, Շնողի, Բարձրաքաշի տարածքներից հայտնաբերված հնագիտական նմուշները և Շուշիի գորգերի թանգարանից վանաձոր հասած գորգեր-կարպետները ։
Հաջորդ հյուրընկալողը Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 դպրոցն էր:
Դեսպանը նշել է, որ աշխարհի շատ երկրներում կան Պուշկինի անունը կրող դպրոցներ, բայց ամենաշատը Հայստանում են’ թվով 4-ը։ Հյուրերին դիմավորել են հայկական հյուրընկալությամբ’ աղ ու հացով:
Այնուհետև դեսպան Կապիրկինը զրուցել է դպրոցի ուսուցիչների հետ, բարձր գնահատել ռուսերենով ուսուցման մակարդակը։
Ուսուցիչները դեսպանի հետ հարց ու պատասխանի հնարավորություն են ունեցել։
Վանաձոր այցը եզրափակվել է Մեծ հայրենականի հաղթանակին նվիրված հուշարձանի մոտ, անմար կրակին ծաղիկներ խոնարհելով։