Քրիստ Հրաչիկի Մարուքյան
Ծնվել է 1975 թ. սեպտեբերի 23-ին Կիրովական քաղաքում:
1992 թ․ ավարտել է թիվ 6 անգլիական թեքումով դպրոցը:
1997 թ․ ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, օտար լեզուներ մասնագիտությամբ` ստանալով անգլերեն և ֆրանսերեն լեզուների ուսուցչի որակավորում:
Կրթությունը շարունակելու նպատակով 2005 թվականին դիմել է Բրիտանական Չիվնինգ (Chevening) կրթաթոշակների մրցույթին և, որպես մրցանակակիր, մեկնել Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն: 2006 թ. ավարտել է Ալսթերի համալսարանի հանրային կառավարման բաժինը և ստացել Հանրային կառավարման մագիստրոսի աստիճան:
1995-2002թթ․ աշխատել է «Ա և Լ» Բիզնես Կենտրոնում: Որպես երրորդ կուրսի ուսանող՝ սկզբնական շրջանում կատարել է թարգմանչական և վարչական բնույթի աշխատանքներ: Հետագայում ստանձնել է զարգացման ծրագրերի ղեկավարի պաշտոնը, իսկ վերջին 3 տարիներին աշխատել որպես փոխտնօրեն:
1996-2007թթ․ ներգրավված է եղել բոլոր համապետական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողմից իրականացվող դիտորդական առաքելություններում, որպես օգնական:
2000 թ․ որպես տեղական փորձագետ, ներգրավված է եղել ՏԱՍԻՍ-ի կողմից Լոռու մարզպետարանի հետ իրականացվող Լոռու մարզի զարգացման ծրագրում:
2003-2004թթ․ աշխատել է Համաշխարհային Ուսուցում կազմակերպության կողմից իրականացվող ՀԿ հզորացման ծրագրում, նախ որպես վարչական օգնական, այնուհետև՝ որպես ծրագրի ղեկավար:
2004 թ․ նոյեմբերին մասնակցել է «3ԱՐ Ստրատեգիա» խորհրդատվական ընկերության կողմից իրականացվող «Շուկայական կապերի ներուժի գնահատման» աշխատանքներին, որպես փորձագետ:
2005 թ․ աշխատել է Միկրո-ձեռնարկությունների զարգացման նախաձեռնությունում, որպես հյուսիսային գրասենյակի տնօրեն և Շիրակի, Լոռու ու Տավուշի մարզերի բիզնես-խորհրդատուների թիմի ղեկավար:
2007-2008թթ․ աշխատել է «Էյչ-Էս-Բի-Սի» բանկում, որպես մասնաճյուղի կառավարիչ և անհատական ֆինանսական ծառայությունների վերլուծաբան:
2008-2010թթ․ աշխատել է Կոնվերս բանկում, որպես «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչ:
2010-2015թթ․ աշխատել է «Բիբլոս Բանկ Արմենիա» բանկում, որպես «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչ:
Բանկային համակարգում աշխատելու տարիներին կառավարել է 1 միլիարդ ՀՀ դրամը գերազանցող վարկային և ավանդային պորտֆելներ, բարձրացրել հաճախորդների սպասարկման որակը, ներդրել արդյունավետ կառավարման և վերահսկման համակարգեր, ստեղծել և զարգացրել գործընկերային հարաբերություններ:
2015 թ․ նոյեմբերից մինչ այժմ աշխատում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամում, որպես ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի գործառնությունների ղեկավար:
Մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների և փոխանակման ծրագրերի Հունաստանում, ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Լեհաստանում, Լիբանանում և Հոլանդիայում:
Որպես փորձագետ, ներգրավված է եղել տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերում, ինչպես նաև եղել է կառավարման խորհրդի անդամ:
2015 թ․ դեկտեմբերից «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ է: Վանաձոր համայնքի ավագանու անդամ է՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: