Այսօր՝ հունիսի 2-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Նրան ուղեկցում էին ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելը, ԱՄՆ Ցամաքային զորքերի մայոր, Պաշտպանական համագործակցության ղեկավար Ստեֆան Լ. Պրատերը, Ռազմական համագործակցության գրասենյակի միջռազմական ծրագրի համակարգող Անի Մելքումյանը և Վանաձորումիրականացված ծրագրի նախաձեռնության հեղինակ Լիլիա Աբրահամյանը:
Նշենք, որ ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպական հրամանատարության «Հումանիտար օգնության ծրագրի» շրջանակում, ինչպես նաև ԱՄՆ դեսպանի և ԱՄՆ Դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի Միջռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանի աջակցությամբ Վանաձորի մանակապարտեզներին տրամադրվել է մոտ 150 մլն դրամի գույք, ինչի առիթով էլ նախաձեռնության հեղինակները ժամանել էին Վանաձոր:
Մամիկոն Ասլանյանը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց Վանաձորին ցուցաբերած աջակցության բոլոր կազմակերպիչներին և հույս հայտնեց, որ այցելությունները և համագործակցությունը շարունակական կլինեն: Դեսպանը նշեց, որ առաջին անգամ Վանաձոր կատարած այցից տպավորված է, նրան հատկապես հիացրել է Վանաձորի բնությունը: հետաքրքրում էր նաև համավարակի հետ կապված իրավիճակը Վանաձոր քաղաքում, այդ թվում՝ մանկապարտեզներում մանկավարժական գործընթացը վերսկսելու անհրաժեշտության հիմնավորումը: Քաղաքապետը ներկայացրեց իրավիճակը և կանխարգելիչ միջոցառումները, որոնք իրականացվում են՝ վստահեցնելով, որ ամեն ինչ արվում է մանկապարտեզներում վարակի տարածումը թույլ չտալու համար:
Վերջում Մամիկոն Ասլանյանը Լին Թրեյսիին շնորհակալագիր հանձնեց մշտապես հայ ժողովրդի կողքին լինելու և արգասաբեր գործունեություն ծավալելու համար: «Խորին երախտագիտություն ենք հայտնում մեծարգո դեսպանին և Ամերիկայի ժողովրդին՝ այս դժվարին օրերին Վանաձորի մանկապարտեզներին ցուցաբերած մեծածավալ օգնության համար, ինչը մարդասիրական, ինչպես նաև ՀՀ և ԱՄՆ ժողովուրդների միջև դիվանագիտական և բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված քայլ է: Հույս ենք հայտնում, որ համագործակցությունը շարունակական է լինելու»,-ասված էր շնորհակալական խոսքում:
Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց կատարեցին մանկապարտեզներում, որոնց տրամադրվել է մեծածավալ գույք: