Քաղաքացու օրը՝ Վանաձորում

Քաղաքացու օրը Վանաձորում մեկնարկեց Համերաշխության պուրակում համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի, համայքապետարանի աշխատակազմի և մարզային իշխանության ներկայացուցիչների կողմից իրականացված ծառատունկով:

Քաղաքացու օրվա միջոցառումների շրջանակում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բակում տեղի ունեցավ հանրային քննարկում «Իրազեկ քաղաքացի» խորագրով: Բանախոսներն էին ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ԱԺ պատգամավորներ Արամ Խաչատրյանը և Արեն Մկրտչյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ: Նրանք խոսեցին քաղաքացիական հասարակության ինստիտուտի, զարգացման ուղիների և տարբեր ոլորտներում առկա խնդիրների մասին: Ծավալվեց կառուցողական ակտիվ քննարկում, հնչեցին տարաբնույթ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:

Տոնական գեղեցիկ ձևավորումներով զարդարված էին քաղաքի կենտրոնական փողոցները: Տիգրան Մեծի պողոտայում մարզի համայնքները ներկայացել էին տաղավարներով, որոնցում ցուցադրել էին մշակույթի տների աշխատանքները, արվեստի գործեր, կազմակերպել էին ազգային ավանդույթներին վերաբերող բեմականացումներ: Ելույթներով հանդես եկան Վանաձորի մշակութային համույթները:

Տոնակատարությունների շրջանակում  Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հյուրախաղով հանդես եկավ Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Սիրո Casting» ներկայացմամբ:

Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում` թիվ 3 հիմնական դպրոցից մինչև կերպարվեստի թանգարան ընկած հատվածում, պատանի մարզիկների մասնակցությամբ անցակցվեց վազքի մարաթոն: Մրցանակակիրները պարգևատրվեցին:

Օրվա ավարտին Հայքի հրապարակում տեղի ունեցավ տոնական համերգ: Օրն ավարտվեց շքեղ հրավառությամբ:

You May Also Like