Այսօր՝ մայիսի 15-ին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն, որին մասնակցեցին նախապես ցուցակագրված 28 քաղաքացիներից 22-ը:
Քաղաքացիներին հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը և աշխատակազմի համապատասխան բաժինների ներկայացուցիչներ:
Քաղաքացիները մասնավորապես դիմել են աշխատանքի տեղավորման, վերելակի վերանորոգման, տարածքի վարձակալության, աղբահանության վարձավճարի,բնակարանի տրամադրման և սեփականաշնորհման, երեխայի խնամակալության , հանրակացարանի սենյակի սեփականաշնորհման,ուսման վարձավճարի և սոցիալական բնույթի այլ հարցերով:
Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը հանձնարարեց քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծում տալ դիմում-խնդրանքներին:
Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների մի մասին տրվեց դրական ընթացք, բարձրացված խնդիրներից մի քանիսն էլ լուծումներ ստացան հանդիպման ընթացքում: