Այսօր՝ հունվարի 15-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն,որին մասնակցեցին նախապես ցուցակագրված 22 քաղաքացիներից 20-ը:
Քաղաքացիներին հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը և աշխատակազմի համապատասխան բաժինների ներկայացուցիչներ:
Համայնքի ղեկավարին մասնավորապես դիմել են շուրջօրյա ջրամատակարարման խնդրով, ավտոտնակի օրինականացման, ապօրինի տաղավարի, համատիրության աշխատանքի հետ կապված խնդրով, տանիքի վերանորոգման, կոյուղատար համակարգի, սոցիալական աջակցության, շախմատի ակումբի կարգավիճակի, բնակության հարցի, շենքի կարգավիճակի և վթարայնության խնդրի լուծման, ինչպես նաև սոցիալական բնույթի այլ հարցերով:
Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին՝ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հանձնարարեց քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծում տալ դիմում-խնդրանքներին:
Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների մի մասին տրվեց դրական ընթացք, բարձրացված խնդիրներից մի քանիսն էլ լուծումներ ստացան հանդիպման ընթացքում: