Քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժինը ևս հանդես եկավ 2018 թ.-ին կատարած աշխատանքների հաշվետվությամբ: Վանաձոր համայնքի ղեկավարն ընդգծեց այն փաստը, որ համայնքապետարանի փաստաթղթերի ամբողջ հոսքն անցնում է այս բաժնով և հիշյալ գործառույթներն իրականացնելու գործընթացում մեծ բացթողումներ չեն արձանագրվել: Քաղաքապետը հանձնարարեց բաժնի աշխատակիցներին ուշադրությունը սևեռել հատկապես փաստաթղթաշրջանառության ժամկետների պահպանման և բաժինների հետ ճիշտ աշխատանքի վրա, քանի որ պատասխանատվությունը կրում է բաժինը և խոշոր հաշվով՝ համայնքապետարանը: «Հատկապես վերջին ամիսներին բնակչության շատ մեծ հոսք կա, մեծ ակնկալիքներ և հույսեր կան, որոնք կապված են քաղաքական իրողության փոփոխության հետ: Որպեսզի կարողանանք քաղաքացիների ընդունելության բուն գործընթացը ճիշտ կազմակերպել, հոգեբանական պատրաստվածության մեծ աստիճան է պահանջում: Այն մարդիկ, ովքեր քաղաքացիների հետ անմիջական կոնտակտի մեջ են, պետք է լինեն բացառիկ ուշադիր: Դիմումների միանման պատասխաններից խուսափեք, յուրաքանչյուր քաղաքացու ցուցաբերեք անհատական մոտեցում»,-ասաց Մամիկոն Ասլանյանը:
Քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի պետի տեղակալ Լուսինե Ստեփանյանը համայնքի ղեկավարին ներկայացրեց 2018 թ.-ին կատարած աշխատանքների հաշվետու զեկույցը, որից հետո բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ասատրյանը և առաջատար մասնագետ Քնարիկ Համազարյանը ծառայողական պարտականությունները բարեխիղճ և նվիրումով կատարելու, բարձր կարգապահության և արդյունավետ աշխատանքի համար արժանացան համայնքի ղեկավարի շնորհակալագրերին:
2018թ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի անմիջական մասնակցությամբ նախապատրաստվել ու համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվել ավագանու որոշման 145 նախագիծ, հրավիրված 11 նիստերում ընդունվել ու ըստ պատկանելության /Լոռու մարզպետարան, ՀՀ արդարադատության նախարարություն, այլ գերատեսչություններ, համայնքապետարանի համապատասխան բաժիններ, իրավաբանական և ֆիզիկական անձինք, հասարակական կազմակերպություններ/, առաքվել են 140 տարաբնույթ որոշումներ:
Սպառիչ պատասխան է տրվել տարբեր լրատվամիջոցների, իրավապահ մարմինների ու հասարակական կազմակերպությունների 44 հարցումների:
Համայնքի ավագանու որոշումների հրապարակայնությունն ապահովվել է համայնքապետարանի ինտերնետ կայք-էջի, ՀԿՏ համակարգի, սոցիալական ցանցերի վանաձորյան խմբերի և էջերի, «Լոռու մարզ» մարզային թերթի միջոցով:
Հաշվետու ժամանակահատվածում բաժինը լուրջ աշխատանք է կատարել համայնքի ղեկավարի կողմից կայացված որոշումների պատրաստման և դրանց համապատասխան ընթացք տալու ուղղությամբ: Խմբագրվել, պատրաստվել ու գրանցվել է համայնքի ղեկավարի որոշման 2168 նախագիծ, որի արդյունքում կայացվել է 2060 որոշում: Հետևողական աշխատանք է տարվել կայացված նորմատիվային որոշումների տեղեկագրերի պատրաստման, որոշումների ու դրանց հիմքերի սահմանված կարգով արխիվացման ուղղությամբ: Փաստաթղթային և էլեկտրոնային /սկան/ տարբերակով արխիվացվել են ինչպես համայնքի ավագանու, այնպես էլ՝ համայնքի ղեկավարի 2018թ. կայացրած բոլոր որոշումները:
Նշված որոշումներն առանց բացառության ըստ պատկանելության առաքվել են օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, մասնավորապես, 7-օրյա ժամկետում առաքվել են մարզպետարան, իսկ նորմատիվային որոշումները՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
Պատրաստվել է նորմատիվ ակտերի 19 տեղեկագիր, որոնցում ընդգրկվել են համայնքի ավագանու 27 և համայնքի ղեկավարի 4 նորմատիվային որոշումներ:
2018թ. բաժինն ընդհանուր առմամբ մուտքագրել ու աշխատել է 17115 փաստաթղթի հետ, որից 9236-ը ազգաբնակչությունից ստացված դիմումներ են, 6575` տարբեր կազմակերպություններից, 1304՝ ՀՀ կառավարությունից, Ազգային ժողովից, Լոռու մարզպետարանից և դրանց ամբողջությամբ համապատասխան ընթացք է տրվել:
Բնակիչներից և տարբեր կազմակերպություններից ստացված դիմումներից դրական լուծում է տրվել գրեթե 85%-ին: Ավելի քան 15 դիմում վերահասցեագրվել է համապատասխան մարմիններ:
21 հանրային հավաքի իրազեկումն ընդունվել է ի գիտություն:
2018թ. պատրաստվել է 26 նոր անձնական գործ: Համայնքային ծառայության թափուր պաշտոնում 37 անձի հետ կնքվել են ժամկետային աշխատանքային պայմանագրեր, որոնցից 2-ը՝ համայնքային ծառայության կադրերի ռեզերվից ուղարկված անձիք են:
Բաժինն աշխատել է 135 պաշտոնի անձնագրերի հետ, ձևակերպել է և ընթացք տվել 1049 կարգադրության ու 487 հրամանի, 10687 ելից փաստաթղթի:
Բաժինը հետևողական աշխատանք է տարել առանց լուրջ հիմնավորման աշխատողներին արձակուրդից հետ կանչումը և արձակուրդների տեղափոխումը հաջորդ տարի բացառելու ուղղությամբ:
Արդյունքում՝ համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներին 2018թ. արձակուրդները ամբողջովին տրամադրվել են: 2018թ. տարեվերջին կազմվել է 2019թ. արձակուրդների տրամադրման պլան-գրաֆիկ:
Բաժինը առանց բացառության մասնակցել և աջակցել է համայնքի ավագանու բոլոր նիստերի կազմակերպմանը և անցկացմանը: Ավագանու հերթական նիստից առնվազն 7 օր առաջ, իսկ արտահերթ նիստից 1 օր առաջ էլեկտրոնային փոստի միջոցով մարզպետարանին և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տրամադրում է տեղեկացում՝ նիստի անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ:
Բաժնի 3 աշխատակիցներ, որոնք իրենց աշխատանքը կատարում են Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակում՝ բոլոր քաղաքացիներին, ովքեր դիմում են գրասենյակ, տալիս են նաև համապատասխան տեղեկատվություն և ուղղորդվածություն:
Բաժինը հետևողական աշխատանք է տարել համայնքապետարանի, նրա կառուցվածքային ստորաբաժանումների փաստաթղթաշրջանառությունը պատշաճ մակարդակի վրա պահելու ուղղությամբ: