Հոկտեմբերի առաջին շաբաթ օրը` այս տարի հոկտեմբերի 7-ին, Վանաձորը նշեց քաղաքի օրը։ Իրավիճակով պայմանավորված տոնական միջոցառումները չեղարկվել էին։
Քաղաքի օրվա առթիվ անցկացվեց միայն ավանդական դարձած պարգևատրումների արարողությունը։
Միջոցառման ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Լոռու մարզպետի տեղակալներ Հովհաննես Ավետիսյանը և Գոռ Ասրյանը, Վանաձորի ավագանու անդամներ, պատվավոր քաղաքացիներ, արվեստի գործիչներ։
Ներկաներին ողջունեց և սիրելի քաղաքի օրվա առթիվ շնորհավորեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։
Շնորհավորանքի խոսք ասաց Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը։
Կայացավ Վանաձորին նվիրված համանուն երգի տեսահոլովակի պրեմիերան։
Արկադի Փելեշյանը պատվոգրեր հանձնեց Վանաձորում տարբեր ոլորտներում նշանակալի վաստակ ունեցող անհատների, ապա արվեստի դպրոցների և նախադպրոցական կրթարանների աշխատակիցների։
Պարգևատրվեցին Վանաձոր երգի հեղինակն ու տեսահոլովակի ստեղծագործական թիմը։
Այս տարի Վանաձորի օրը համընկել էր Գրադարանավարի օրվան։ Մասնագիտական տոնի առթիվ պատվոգրեր ստացան նաև Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգ ՀՈԱԿ-ի աշխատակիցներ։