Նոյեմբերի 14-ին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի անդամները՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ մասնակցել են <<Քաղաքաը քաղաքին. համատեղ ջանքերով դեպի կայուն քաղաքային կառավարում>> միջազգային համաժողովին։ Այն իրականացվում է <<Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման>> ծրագրի շրջանակում։
Համաժողովի բացմանը ներկա էին ՀՀ ՏԿԵՆ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Եվրոպական միության գրասենյակի ներկայացուցիչներ, գործընկեր քաղաքների՝ Վանաձորի, Գյումրու, Պիլայի ներկայացուցիչներ, փորձագետներ Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Մոլդովայից, Բելգիայից և Լեհաստանից։
Արկադի Փելեշյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։ Նա ընդգծել է քաղաքային ենթակառուցվածքների արդիականացման և տնտեսության կառավարման նոր մոտեցումների ու դրանց ընձեռած նոր հնարավորությունների կարևորությունը՝ բնապահպանական, սոցիալական շատ խնդիրներ լուծելու և կայուն զարգացման հեռանկար ապահովելու գործում։
Երկօրյա հագեցած օրակարգով համաժողովի նպատակը առաջավոր փորձի փոխանակումն է՝ կայուն քաղաքային զարգացման բազմակողմ տեսակետների բնագավառում՝ ուսումնասիրելով այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնց բախվում են քաղաքային պլանավորողները 21-րդ դարում: