Պետությունը սահմանում է համայնքի բնակիչների, նրանց խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները, մասնակցության ձևերը, ընթացակարգերը : Թեև օրենքի այս նախագիծը կառավարություն – Ազգային ժողով ճանապարհին կարող է փոփոխությունների ենթարկվել, սակայն հիմնական գաղափարները կմնան անփոփոխ:
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը կառավարության հավանությանն է ներակայացրել ՏԻՄ օրենքում փոփոխությունների նախագիծ, ինչն ամբողջովին փոխում է ՏԻՄ համակարգի գործունեության տրամաբանությունը և Ավագանու ինստիտուտի պատասխանատվությունը: «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի օրենսդրորեն ամրապնդել քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը:Այս ճանապարհով պետությունը փորձում է կյանքի կոչել տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցային կառավարման գաղափարը և սահմանել համայնքի բնակիչների, նրանց խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները, մասնակցության ձևերը, ընթացակարգերը:
Նոր օրենքի նախագծով համայնքում տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք ունի համապատասխան համայնքի տասնվեց տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ: ՏԻՄ օրենքում փոփոխությունների նախագծի առաջարկների մեջ առանձնանում են երեք կարևորագույն փոփոխությունների փաթեթ.
1. Հոդված 10.1. Համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը
Սույն օրենքի իմաստով համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը սահմանվում է որպես համայնքում իրականացվող գործընթաց, որի միջոցով բնակիչները տեղեկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և ուղղակի կամ անուղղակի ներգործություն են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների վրա։ Համայնքում տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք ունի համապատասխան համայնքի տասնվեց տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ:
Տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցությունը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված` տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակներում, նրանց գործունեության բնագավառներում։ Համայնքի բնակիչների, նրանց խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները, մասնակցության ձևերը, ընթացակարգերը սահմանվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, ինչպես նաև ավագանու ընդունած` համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգով:»:
2. Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր մասով հետևյալ բովանդակությամբ.
«Համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաև համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված, տասնվեց տարին լրացած անձանց ոչ պակաս, քան չորս տոկոսը: Ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությունը ստորագրում են համայնքի՝ դրան կողմ բնակիչները և ներկայացնում են համայնքի ղեկավարին։ Համայնքի բնակիչների նախաձեռնությունը պարտադիր կարգով ներկայացվում և քննարկվում է ավագանու նիստում ոչ ուշ, քան համայնքի ղեկավարի կողմից դրա ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում։ Նույն նախաձեռնությունը ավագանու քննարկմանը կրկին անգամ կարող է ներկայացվել և սույն հոդվածով սահմանված կարգով ընդգրկվել օրակարգում՝ դրա հերթական (նաև առաջին) քննարկումից առնվազն վեց ամիս հետո: Համայնքի բնակիչների նախաձեռնությունը ավագանու նիստում ներկայացնում է նախաձեռնող բնակիչների կողմից ընտրված ներկայացուցիչը` որպես հեղինակ, իսկ դրա քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:»:
3. Հոդված 33.1. Համայնքի ղեկավարի գործունեությունը տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում
Համայնքի ղեկավարը տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
1) համայնքի բնակիչների համար ստեղծում է բավարար պայմաններ՝ իրազեկ լինելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և մասնակցելու համայնքի կառավարմանն ու զարգացմանը, այդ նպատակով օգտագործելով համայնքում հասանելի բոլոր ձևերը և միջոցները, այդ թվում` տեղեկատվության և հեռահաղորդակցության.
2) ապահովում է համայնքի բնակիչների իրազեկման և մասնակցության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը բնակիչներին մատչելի և հարմար վայրերում, ինչպես նաև ստեղծում է համապատասխան անհրաժեշտ պայմաններ՝ այդ միջոցոցառումներին մասնակցելու ցանկություն հայտնած համայնքի հաշմանդամների և սակավաշարժուն խմբերի համար:
3) կազմակերպում է տեղական ինքնակառավարմանն առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական կարևորագույն նախաձեռնությունների և նախա¬գծերի, մասնավորապես` համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների հանրային լսումներ կամ քննարկումներ, դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդունումը և ներկայացումը նախաձեռնությունների և նախագծերի հեղինակներին.
4) ապահովում է համայնքի բնակիչների մասնակցությունը համայնքի զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի կազմման, հանրային քննարկման, իրականացման (կատարման) և վերահսկման գործընթացներում.
5) ապահովում է համայնքի բնակիչների մասնակցությունը համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների կայացման գործընթացում՝ համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում.
6) համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում և (կամ) ներգրավում է համայնքի տարածքում կազմակերպվող ուսուցման և վերապատրաստման ծրագրերում»: