Մարտի 13-ին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում » ծրագրի շրջանակներում Վանաձորի համայնքապետարանում անցկացվեց «Փորձի փոխանակում համայնքային ծառայությունների տրամադրման և էլ. կառավարման ոլորտում » խորագրով ճանաչողական հանդիպում:
2018 թվականին Թունիսում ներկայացված Քաղաքացիների սպասարկման գրասենյակների և Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի հայաստանյան փորձի վերաբերյալ ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել Թունիսի, Լիբիայի և Պաղեստինի գործընկերների շրջանում, ինչի առիթով էլ պատվիրակությունները ժամանել են Հայաստան՝ տեղում ծանոթանալու գրասենյակների գործունեությանն ու երկրի փորձին:
Պատվիրակության կազմում այցին մասնակցում էին նաև նախարարությունների, համայնքների և ԳՄՀԸ ներկայացուցիչներ:
Ուսումնական այցի նպատակն է ներկայացնել և քննարկել համայնքապետարանների կողմից վարչական ծառայությունների մատուցման որակի բարելավման հնարավորությունները և ոլորտում մասնակից երկրների միջև փորձի ու գիտելիքի փոխանակումը:
Պատվիրակության անդամները համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի, աշխատակազմի քարտուղարի, համայնքապետարանի ներկայացուցիչների և ավագանու անդամների ուղեկցությամբ շրջեցին Քաղաքացիների սպասարկման գրասենյակում և ծանոթացան ընթացիկ աշխատանքներին:
Շրջայցի ընթացքում աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց սպասարկման գրասենյակի կողմից մատուցվող ծառայությունների կարգն ու աշխատանքային գործունեությունը:
Ուսուցողական այցը Հայաստանում կանցկացվի մարտի 13-15-ը, որի շրջանակներում հայ մասնագետները պատվիրակության ներկայացուցիչներին կծանոթացնեն Հայաստանում գործող ՔՍԳ-ների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման և դրանցում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման փորձն ու նշանակությունը: