Վանաձորի քաղաքապետարանը ի դեմս քաաքապետ Սամվել Դարբինյանի օրերս դիմում բողոքներ էր ստացել Մանուշյան փողոցի բնակչուհիներից: Իրենց բողոքում նրանք հայտնում էին, որ թաղամասում ոմն Մարգար Մարգարյան ապօրինի անասնապահական ֆերմա է բացել ու զբաղվում է անասնապահությամբ:
Քանի որ Վանաձոր քաղաքում չկան գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի խիստ կարգադրությամբ ստեղծվեց հանձնաժողով, որում ընդգրկվեցին քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, համատիրությունների և բնակարանային տնտեսության և ճարտարապետության բաժնի պետերը, ոստիկաններ, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի մասնագետները: Հանձնաժողովի անդամները տեղում ծանոթանացան բնակիչների բարձրացրած խնդրին, այն է, որ Թագավորանիստ կոչվող տարածքում՝ Մանուշյան փողոցի վերջնամասում, կառուցվել է ապօրինի շինություն, որի մեջ պահվում է 50-ից ավել խոշոր եղջերավոր անասուններ:
Հանձնաժողովի անդամները ի դեմս հանձնաժողովի ղեկավար Տիգրան Պապանյանի, 20 օր ժամկետ են հատկացրել ֆերմայի սեփականատիրոջը, որպեսզի անասունները վերացվեն տարածքից, ինչը նաև մարդասիրական քայլ էր քաղաքապետարանի կողմից: Այնուհետ արդեն հարց կբարձրացվի ապօրինի շինության օրինականացման հետ կապված:
Համապատասխան արձանագրություններն ստանալուց և զգուշացումներ տալուց հետո կկազմվի համապատասխան ակտ և 20 օր հետո նշված տարածքում որևէ անասուն չի լինի:
Էդվարդ Արզումանյան