Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Վանաձորում արդեն 12-րդ անգամ կազմակերպվեց մարզական փառատոն, որին մասնակցություն ունեցավ մարզական և ուսումնական 18 կազմակերպություն, մոտ 1500 մասնակիցներով: Հանրապետության մարզերում և Արցախում անցկացվող մարզական փառատոն մրցույթ-ստուգատեսում Վանաձորը 2011թ-ից մինչ օրս հաղթող է ճանաչվել, պարգևատրվել է պատվոգրերով ու գավաթներով: Այս տարի ևս արվել է հնարավորը՝ լավագույնի կոչմանն արժանանալու համար:
ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված մարզամշակութային փառատոնը մեկնարկեց շքերով: Ներկայացվեցին մասնակիցների կազմն ու նրանց ձեռքբերումները: Միջոցառմանը ներկա էին մշակութային և սպորտային ճանաչված մարդիկ, տեղական ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ:
Պետական օրհներգի ներքո հանդիսավոր կերպով վեր բարձրացվեց եռագույնը, ապա ազդարարվեց ցուցադրական ու մրցութային ելույթների մեկնարկը: Դրոշի բարձրացման պատիվը շնորհված էր տարվա լավագույն մարզիկ Տիգրան Կիրակոսյանին:
Փառատոնի օրակարգում ընդգրկված էին կշռաքարերի բարձրացում, շախմատ, նարդի, ազգային կոխ, ըմբշամատ, բազկամարտ, մինի ֆուտբոլ և մասսայական վազքարշավ մրցույթները: Ցուցադրական ելույթներից փառաոնի ընթացքում ներկայացվեցին բռնցքամարտի, սուսերամարտի, ակրոբատիկայի, պարանի ձգման, կշռաքարերի նետման:
Միջոցառման մշակութային մասն ապահովում էին ՎԱնաձորի պարային խմբերն ու անհատ կատարողները: Կազմակերպիչների խոսքով՝ մարզական փառատոնը տարեցտարի ավելի մասսայական ու սիրված է դառնում, ավելանում է նաև մասնակիցների թիվը:
Մարզական փառատոնի մրցութային ելույթների ավարտին հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով, գավաթներով ու մեդալներով: