Նոր աշխատատեղերի բացման հնարավորություն նաև Վանաձոր քաղաքում: Կառավարությունը փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին հատկացվող գումարի 90 տոկոսն ուղղելու է մարզերին: ՀՀ կառավարությունը հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը։
Ծրագրի նպատակներն են պետական ուղղակի աջակցության գործիքների միջոցով խթանել ՓՄՁ զարգացումը, այդ ճանապարհով նպաստել երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամաչափության հաղթահարմանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը, բարձրացնել զբաղվածության և ինքնազբաղվածության մակարդակը։ Կատարելով ՓՄՁ աջակցության հերթական քայլը` կառավարությունը դրանով իսկ կարևորում է ՓՄՁ դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրի սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում։ Ծրագրի իրականացման համար ՀՀ 2013 թ. պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 150 մլն դրամ, որի 90 տոկոսն ուղղվելու է մարզերին և մարզային քաղաքներին: Վանաձորի սկսնակ գործարարներից ակնկալվում է ակտիվություն և սերտ համագործակցություն Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի մարզային գրասենյակի հետ: