«Հավերժի գրավականը» կին նկարիչների ցուցահանդես կերպարվեստի թանգարանում

Կանանց միամսյակի շրջանակում Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվեց «Հավերժի գրավականը» խորագիրը կրող նկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Վանաձորի կին ստեղծագործողների աշխատանքները: Արվեստասերների դատին էր հանձնված 17 նկարչուհիների ավելի քան 40 կտավ: Կին նկարիչների աշխատանքներ ներկայացված էին նաև թանգարանի ֆոնդից: Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը: Ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը, Գուգարաց թեմի հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը: Արման Բերնեցյանը շնորհավորեց իգական սեռի ներկայացուցիչներին կանանց տոների առթիվ և ողջունեց հետաքրքիր նախաձեռնությունը: Ողջույնի խոսերին հաջորդեց կարմիր ժապավենը կտրելու հանդիսավոր արարողությունը: Ապա հյուրերը շրջեցին ցուցասրահներում:
8 տարի շարունակ կազմակերպվող ցուցահանդեսների շարքը վաղուց ավանդական է դարձել: Տարիների ընթացքում մասնակցել են տասնյակ նկարչուհիներ Լոռու մարզի տարբեր համայնքներից, ներկայացվել են հարյուրավոր կտավներ:
Միջոցառման ընթացքում Վանաձոր համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը շնորհավորեց կանանց միամսյակի առթիվ՝ մասնավորապես անդրադառնալով օրվա հերոսներին. «Վանաձորը նկարիչների քաղաք է, որը հարուստ է նաև կին նկարիչներով: Ցուցահանդեսը հետաքրքիր է ոչ միայն նոր գործերի ծանոթանալու առումով, այլև կին արվեստագետների աչքերով ներկայացված աշխարհը բացահայտելու»: Ապա նա համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի անունից Վանաձորի մշակութային կյանքում ունեցած ավանդի և ձեռքբերումների համար շնորհակալագրեր հանձնեց ցուցահանդեսի մասնակիցներին:

You May Also Like