ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

Հաշված օրեր անց ձեզ հետ միասին հրաժեշտ կտանք Հայաստանի Հանրապետության անկախացման  25-ամյակն ամփոփող 2016 թվականին:

Կասկածից վեր է, որ այն մեզ համար եղել է մեր երկրի անկախության կոփման ու կռման, հաջողությունների կերտման ու անհաջողությունների հաղթահարման, երկրի առջև ծառացած խնդիրների հարթեցման ժամանակահատված: Անկեղծորեն պետք է խոստովանել, որ երբեք դյուրին չի եղել ցանկալիին հասնելու՝ մաքառումներ պահանջող ճանապարհը:  Ի փառս մեր ժողովրդի՝ հայը ոչինչ չի խնայել և չի խնայում անվտանգ հայրենիք ունենալու և հայավայել ապրելու պայմաններ ստեղծելու համար:

Իրականում անցնող տարին աչքի ընկավ ձեռքբերումներով ու ցավալի կորուստներով, բարու և չարի հավերժական պայքարով: Այդուհանդերձ մեր ժողովրդի բազմադարյա պատմության անցած բոլոր ժամանակների  օրինակով  անցնող տարին ևս ապացուցեց հայի ապրելու և ապրեցնելու անկոտրում կամքը, աշխարհն ու շրջապատը բարով ու գեղեցիկով պարուրելու անթաքույց ձգտումը, նպատակասլաց վճռականությամբ անցանկալին հաղթահարելու և արհամարհելու հաստատակամությունը, անհրաժեշտ պահին բռունցքվելու անօրինակ կարողությունը:

Ջերմորեն շնորհավորելով ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթում ենք քաջառողջություն, խաղաղ երկինք ու մանկան հեքիաթային հավատով փայփայած երազների ու ցանկությունների իրականացում: Համոզված ենք, որ լինելով անձնական ու երկրի ճակատագրերի ճարտարապետները՝ համատեղ ջանքերով կշենացնենք մեր օրրանն ու այն կդարձնենք աշխարհասփյուռ հայերի տունդարձի փարոս:

Թող գալիք տարում ընդմիշտ մոռացվի մեր աշխարհի մասին կռունկից խաբրիկ հարցնելու հայի սովորությունը:

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

You May Also Like

Leave a Reply