Մշակութային օր՝ Վանաձորում

🔰 Հունիսի 22-ը հագեցած էր մշակութային միջոցառումներով։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հարկի տակ տեղի ունեցավ VMO զբոսաշրջության զարգացման սիմպոզիումը, որին մասնակցում էր նաև Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և զբոսաշրջության հարցերի բաժնի պետի տեղակալ Անահիտ Կարապետյանը, ով ողջունեց նախաձեռնության հեղինակներին ու մասնակիցներին և փոխանցեց բաժնի պետ Քրիստինե Մադոյանի և համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի բարեմաղթանքները, ներկայացրեց Վանաձոր համայնքի զբոսաշրջային տեսլականը, ոլորտում նախատեսվող քայլերն ու նպատակը։ Ծավալվեց քննարկում, որը միտված էր վեր հանելու խնդիրները և նախանշելու անելիքները։ Մասնակիցները ոլորտի հարցերով զբաղվող ՀԿ-ների, մարզային և համայնքային կառույցների ներկայացուցիչներ էին, մի շարք հյուրատների և սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ։
🔰 Նույն օրը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ նկարիչ Կապոյի ցուցահանդեսը։
🔰 Երեկոն եզրափակեց դանիացի երաժիշտներ Հելլե և Ամալի Ասմիլդների համերգը Ստեփան Զորյանի տուն-թանգարանում։ Այն կյանքի կոչվեց Վանաձորի համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում։ Համերգի սկզբում համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և զբոսաշրջության հարցերի բաժնի պետի տեղակալ Անահիտ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության և դանիական արվեստին Վանաձորի հանդիսատեսին հաղորդակից դարձնելու համար, ապա եվրոպական երաժշտության գեղեցիկ կատարումները հայ հանդիսատեսին վարպետորեն ներկայացնելու, երաժշտական արվեստը հանրահռչակելու և միջմշակութային կապերն ամրապնդելու համար երաժիշտներին հանձնեց համայնքի ղեկավարի շնորհակալագիրը։ Երաժիշտներն արժանացան նաև Ստեփան Զորյանի տուն-թանգարանի շնորհակալագրերին և ծաղիկների։
Դանիացի երաժիշտների առաքելությունը միայն դանիական և հայկական ազգային երաժշտության հանրահռչակումը չէր, այլ նաև աշխարհի տարբեր անկյուններում արվեստի լեզվով Հայոց ցեղասպանության մասին պատմելը։ Երեկոյի ընթացքում ջութակի և ակորդեոնի հոգեպարար հնչյուններին զուգահեռ՝ Ամսիլդները ներկայացնում էին դանիացի միսիոներ Քերըն Եփփեյի կյանքի պատմությունը, որը միահյուսված է հազարավոր հայերի ճակատագրերին, որոնց փրկել է ցեղասպանվելուց, Ուրֆայում ղեկավարել մանկատուն, հայ փոքրիկներին կրթել հայ մշակույթի գանձերով, իր բնակարանի նկուղում թաքցրել հայ ընկերներին, մասնակցել ստրկության վաճառված բազմաթիվ հայերի փրկությանը, հետագայում Հալեպում շարունակել օգնել նրանց հանրային կյանքում ներառվելու և հայկական թաղամասեր ստեղծելու հարցում։ Համերգն անցավ չդադարող ծափողջույնների մթնոլորտում՝ ազդարարելով մշակութային հագեցած օրվա ավարտը։
  • Մշակութային օր՝ Վանաձորում
  • Մշակութային օր՝ Վանաձորում3
  • Մշակութային օր՝ Վանաձորում1

You May Also Like