Նոյեմբերի 29-ը շրջադարձային պահ կարելի է համարել Վանաձորի համայնքապետարանի և վանաձորցիների համար: Հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Վանաձորի համայնքապետարանի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը: Սա Լոռու մարզում թվով երրորդ սպասարկման գրասենյակն էր: Մինչ այդ նման գրասենյակներ էին բացվել Ալավերդի և Թումանյան համայնքներում: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Գուգարաց Թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ԱՄՆ ՄԶԳ ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, , ովքեր էլ իրենց ելույթներում կարևորեցին նման գրասենյակի բացումը Վանաձորի համայնքապետարանում և այդ առիթով իրենց շնորհավորանքի խոսքերն ուղղեցին վանաձորցիներին:
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Գերմանիայի դաշնության, ԱՄՆ-ի և Շվերցարիայի կառավարություններին աջակցության համար, համայնքի խնդրանքին ընդառաջելու և ծրագիրն իրականություն դարձնելու համար:
Նա նաև հատուկ ընդգծեց Լոռու մարզպետի և ՀՀ ՏԿԶ նախարարության շահագրգիռ մասնակցությունը ծրագրի իրականացման բոլոր փուլերում:
Տեղեկացնենք, որ գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Վանաձորի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։
Այս գրասենյակի նպատակը «Մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին բարձրորակ ծառայությունների մատուցումն է, ինչն էլ իր հերթին ենթադրում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության և թափանցիկության բարձրացում, համայնքապետարանի և քաղաքացու միջև առավել մատչելի և դյուրին հաղորդակցության ապահովում: Այդ նպատակով ՔՍԳ-ի գործունեությունը ժամանակակից տեխնոլոգիաներով իրականացնելու նպատակով համյանքապետարանում ներդրվել է Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ): Սպասարկման գրասենյակի համայնքային ծառայողներն անցել են վերապատրաստման դասընթացներ:
Ինչ ծառայություններ են մատուցվելու գրասենյակում քաղաքացուն, ով պատրաստվում է այցելել համայնքապետարան.
- Դիմուների և գրությունների ընդունում, պատասխանների տրամադրում
- Համապատասխան տեղեկանքների տրամադրում
- Թույլտվությունների տրամադրում
- Գույքահարկի և հողի հարկի հաշվարկում և գանձում
- Վարձակալական վճարների հաշվարկում և գանձում
- Աղբահանության վճարների հաշվարկում և գանձում
- Տեղական տուրքերի հաշվարկում և գանձում
- Տվյալների հաշվառում
- Տեղեկատվության տրամադրում
- Համայնքի ղեկավարի մոտ ընդունելության գրանցում:
Գործում է նաև Թեժ գիծ հետևյալ հեռախոսահամարներով՝ (+374) 322 41100 և 60 650757:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքային ժամերն են ՝ 09:00-18.00, ընդմիջում ՝ 13.00-14.00