Մայիսի 9-ը Հաղթանակների և Խաղաղության տոն է

mayisi_9Մայիս ամիսը հայ ժողովրդի պատմության մեջ հայրենիքին, ազգին անձնուրաց նվիրվածության ու հավատարմության նվիրական խորհրդանիշ է՝ Ավարայրից մինչև Բեռլին ու Շուշի: Մենք տոնում ենք Երկրորդ Աշխարհամարտում հաղթանակները գերմանական ֆաշիզմի դեմ, տոնում ենք Շուշիի ազատագրումը, ինչն Արցախի ազատության երկար ճանապարհի դարպասն էր :

Այսօր գնահատանքի ու երախտագիտության զգացումով գլուխ ենք խոնարհում այն քաջորդիների հիշատակի առջև, ովքեր Մեծ Հայրենականի և Արցախյան հերոսամարտի տարիներին զոհաբերեցին իրենց կյանքը ` հանուն ազատ եւ անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի: Մայիսի 9-ի խորհուրդը միայն հաղթանակների և հայ ժողովրդի ռազմական ռազմավարական տաղանդի դրսևորման, հայրենյաց անձնազոհ սիրո ու արիություն հաստատումը չէ: Մայիսի 9-ի խորհուրդը նաև հայի ազատության, անկախության եւ խաղաղ կյանքի իրավունքի հաստատումն է: Մայիսյան հաղթանակները հայ ժողովրդի համար խաղաղություն , ազատություն և սեփական հայրենիքում արժանապատիվ կյանք բերող հաղթանակներ էին, դրանք իրապես խաղաղության հաղթանակներ էին: Եվ այսօր, այս տեսանկյունից իմաստավորելով մեր պատմական հաղթանակները, միայն և միայն միասնությամբ ու համախմբվածությամբ կարող ենք պահպանել այնքան թանկ գնով ձեռք բերված խաղաղությունը:

Մեծ Հայրենականի և Արցախի ազատագրական պայքարի վետերանների խնդիրները մշտապես գտնվել են Վանաձորի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում: Վստահեցնում եմ, որ այսուհետ էլ առավելագունը պետք է անենք, որ մեր հնարավորությունների սահմաններում հոգանք զոհված ազատամարտիկների, եւ նրանց ընտանիքների կարիքները` առողջական, սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմամբ: Դա մեր գիտակցված պարտքն է նրանց հանդեպ, ովքեր հաղթանակներ արձանագրեցին մայիսյան կենաց-մահու ճակատամարտերում: Հավե~րժ փառք ու պատիվ Մեծ Հայրենականում և Արցախյան ազատամարտում նահատակված խիզախ հայորդիներին, մեր վետերաններին ու այսօր մեզ հետ Մայիսի 9-ը տոնող հերոս ազատամարտիկներին:

Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակների և Խաղաղության տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն ու նորանոր հաղթանակներ՝ նորանկախ հայրենիքի կերտման գործում:

Սամվել Դարբինյան

You May Also Like

Leave a Reply