«Մարզական փառատոն»-ի հիշարժան ակնթարթները

Սեպտեմբերի 26-ին Վանաձորի ֆուտբոլի մարզադպրոցի ուսումնական խաղադաշտում տեղի ունեցավ «Մարզական փառատոն» միջոցառումը: Այն այս տարի այն համընկավ «Եվրոպական սպորտի շաբաթ» միջոցառման հետ և մի շարք մարզաձևերից մրցումներն անցկացվեցին զուգահեռաբար: Փառատոնին մասնակցում էին քաղաքի մարզական կազմակերպությունների, մարզադպրոցների  13 կոլեկտիվ:
Փառատոնին ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի և մարզաշխարհի ներկայացուցիչներ:
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի ողջույնի խոսքը փոխանցեց աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը: Նա մասնակիցներին մաղթեց բարի երթ, իսկ փառատոնին երկար կյանք ու բազում հաջողություններ՝ հիշեցնելով այն մասին, որ հանրապետությունում Վանաձորն իր «Մարզական փառատոն»-ով մշտապես առաջին տեղում է եղել: Արթուր Օհանյանը մաղթեց նաև, որ այդ ավանդույթը շարունակական լինի: Գևորգ Մացակյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզիկներին և մարզիչներին՝ ամենօրյա տքնաջան աշխատանքի համար, որի շնորհիվ հայոց եռագույնը ծածանվում է տարբեր մրցահարթակներում:
Փառատոնն անցկացվեց 7 մրցակցային մարզաձևերից`
1. կշռաքարերի բարձրացում
2. շախմատ
3. նարդի
4. ազգային կոխ ըմբշամարտ
5. մինի ֆուտբոլ
6. բազկամարտ
7. մասսայական վազքարշավ 1000մ/ տղա, աղջիկ/
Անցկացվեցին նաև ցուցադրական ելույթներ հետևյալ մարզաձևերից`
• բռնցքամարտ
• ակրոբատիկա
• սուսերամարտ
• պարանի ձգում
Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի կողմից հաստատված մրցավարական կազմը բարձր մակարդակով և կազմակերպվածությամբ անցկացրեց բոլոր մարզաձևերի թե´ մրցակցական, և թե´ ցուցադրական մրցելույթները:
Հաղթողները պարգևատրվեցին շնորհակալագրերով և գավաթներով:
Հատուկ շնորհակալագրեր հանձնվեցին մրցավարական կազմին, լավագույն մասնակցություն ցուցաբերած կազմակերպություններին և փառատոնին աջակցող ոստիկաններին:

You May Also Like