Այս անգամ միջոցառումն անցավ տարբերվող ձևաչափով։ Հրավիրված էին դպրոցների կողմից փառատոնի պատասխանատուներն, ովքեր տարիներ շարունակ չերևացող ճակատում աշխատանք են տանում երեխաների հետ, ինչպես նաև ժյուրիի անդամները։ Ցերեկույթին ներկա էր Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ԺՊ Դավիթ Հակոբյանը։ Նա շնորհավորեց ներկա կանանց և աղջիկներին կանանց միամսյակի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ։ Կարևորեց ուսուցչի ծանր և պատասխանատու աշխատանքը սերնդի դաստիարակության և փառատոնի մեծ ներդրումը երեխաների որպես անհատ ձևավորման գործում։
Փառատոնի հիմնադիր-կազմակերպիչ, Վանաձորի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը ուսուցիչներին և փառատոնի պատասխանատուներին ուղղված իր ողջույնի խոսքում մասնավորապես ասաց․ «Դուք բոլորդ արժանի եք ջերմ շնորհավորանքի և շնորհակալության։ Պատերազմական այս դաժան օրերը անգամ չկարողացան ճնշել ձեր կամքը, մնացիք ամուր, որ կարողանաք շարունակել ձեր բարդ, անձնվեր և շնորհակալ աշխատանքը, որը կատարում եք հասարակական հիմունքներով և անշահախնդիր»։
Ողջույնի և շնորհավորանքի խոսքերին հաջորդեց հանդիսավոր պահը։ Փառատոնի մասնակից արդյունքներ ցուցաբերած դպրոցների ներկայացուցիչներին Դավիթ Հակոբյանը հանձնեց շնորհակալագրեր և ծաղիկներ։ Ելույթներով հանդես եկան փառատոնի վետերանները։
Վանաձորի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝
դպրոցների հետ տարվող աշխատանքը հիմնականում երեխաների պաշտպանության դաշտում է։ Այն նպատակաուղղված է երեխաների համակողմանի, ներդաշնակ զարգացմանը, նաև արվեստի, գրականության միջոցով մատաղ և երիտասարդ սերնդի հոգևոր, գեղագիտական, հայրենասիրական դաստիարակությանը։ Փառատոնը նպաստում է նաև երեխաների վարքագծի անցանկալի դրսևորումների, հակահասարակական արարքների կանխմանը։ Միաժամանակ փառատոնը հավասար հնարավորություններ է ստեղծում բոլոր երեխաների համար, նպաստում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, սոցիալապես անապահով, ահմանափակ կարողություններով երեխաների սոցիալական ադապտացիայի և հասարակության մեջ ինտեգրման գործընթացին։
Մոտակա օրերին կկազմակերպվի նաև աշխատաժողով, որտեղ կքննարկվեն դպրոցների հետ համագործակցությանն առնչվող, ինչպես նաև երգի ու պոեզիայի և ասմունքի 29-րդ փառատոնների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր։