ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՀՀ Լոռու մարզի Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության վերանորոգված կենտրոնի բացման արարողությանը:
Կենտրոնը վերանորոգվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում: Վանաձորի ՏՄԱԿ-ի բացմամբ՝ ամփոփվել է ծրագիրը։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, պաշտոնատար այլ անձինք:
«Ծրագրի շրջանակում մեր երեք մարզերում՝ Սյունիքում, Լոռիում և Շիրակում, կարողացել ենք ներառականության պահանջներին համապատասխանեցնել ուսումնական հաստատությունների ու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների պայմանները: Չնայած բարդություններին՝ կարողացանք ծրագիրը հասցնել իր տրամաբանական ամփոփման կետին ու այսօր միասին տեսնում ենք, թե ինչ նոր պայմաններ են ստեղծված երեխաներին անհրաժեշտ ծառայությունները տրամադրելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ըստ նախարարի՝ համընդհանուր ներառումն իրողություն է ինչպես նախադպրոցական, այնպես էլ արհեստագործական և մասնագիտական կրթության ոլորտներում: Հիմնական նպատակը ՏՄԱԿ-ները հզորացումն է՝ աջակցելու մանկավարժներին, ուսուցիչներին, դասախոսներին, ինչպես նաև գնահատելու սովորողների կարիքներն ու տրամադրելու այն ծառայությունները, որոնց անհրաժեշտությունը կա, և դրանք հասանելի չեն ուսումնական հաստատության մակարդակում:
Ժաննա Անդրեասյանը նաև բարձր է գնահատել գործընկերների հետ համագործակցությունը, որի շրջանակում իրականացվել են համընդհանուր ներառականության բարելավման աշխատանքները. «Կարծում եմ՝ այսօր մի կողմից ամփոփում, մյուս կողմից ամրագրում ենք կրթական համակարգում ներառականության ամրապնդմանն ուղղված բարեփոխման միջանկյալ արդյունքները: Շատ ուրախ եմ, որ այդ երկար և դժվար ճանապարհին ունենք այնպիսի հուսալի գործընկերներ, ինչպիսիք են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և ԱՄՆ կառավարությունը, որոնց հետ համատեղ իրականացրել ենք այս կարևոր ծրագիրը»։
Ամբողջական նյութը’ https://escs.am/am/news/16737