Հարգելի հայրենակիցներ, սիրելի վանաձորցիներ,ամենայն ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։
Հայ աշխատավորը՝ բանվորը, արհեստավորն ու արվեստագետը, բժիշկը, ուսուցիչն ու քաղաքական գործիչն են այն հզոր ուժը, որով ծաղկում և անպարտելի է դառնում երկիրը։Իր հողին կառչած հայ գյուղացին է իր արդար քրտինքով բարիք ստեղծում, շենացնում իր տունն ու հայրենիքը։
Աշխատավոր հայն է պետության շարժիչ ուժը, նրա ձեռքերում է երկրի տնտեսական և սոցիալ-մշակութային բարեկեցությունը։
Վանաձորցին միշտ էլ աչքի է ընկել աշխատանքի հանդեպ ունեցած առանձնահատուկ սիրով։ Ժամանակները փոխվել են, փոխվել են նաև մարտահրավերները, որոնք վանաձորցին պատվով է ընդունում, փորձում չհուսահատվել, մնալ և արարել հայրենի քաղաքում՝ մշտապես աչքի առաջ ունենալով ապագայի պայծառ տեսլականը։
Այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ աշխատաշուկան փոքր է, իսկ լիարժեք բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ է արժանապատիվ աշխատանք։ Աշխատող քաղաքացին պետք է զգա իր կարևորությունը պետության համար, պետք է գնահատված լինի։ Խնդիրները բազմաթիվ են, սակայն՝լուծելի։ Վստահ եմ, որ պետական ճիշտ ռազմավարությունն անպայման կտա սպասված արդյունքը։ Աշխատանքը ոչ միայն ֆինանսական անկախություն է, այլև մարդու ստեղծագործ ներուժը բացահայտելու լավագույն միջոց։
Սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում աշխատանքում, եղեք երջանիկ, եղեք պաշտպանված և զարգացրեք հայրենի տնտեսությունը։Բարեկեցիկ կյանք, սեր ու ջերմություն եմ մաղթում ձեր ընտանիքներին։ Ձեր ազնիվ ու քրտնաջան աշխատանքով շենացրեք ձեր և բոլորիս կյանքը, մեր չքնաղ Վանաձորն ու Հայաստան աշխարհը։