Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,
101 տարի է անցել այն պանծալի օրից,երբ հայ ժողովուրդը ցեղասպանության արհավիրքից հետո ուժերի գերլարումով և համաժողովրդական կենաց ու մահու պայքարով փրկեց իր հայրենիքի մի հատվածը և կերտեց իր պետականությունը։ Մայիսի 28-ը մեր ժողովրդի պատմության ամենահիշարժան օրերից է։
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: 
1918 թվականին Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում տեղի ունեցած ճակատամարտերի արդյունքում ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Այս հերոսական ճակատամարտերից մինչ օրս հայն ամեն անգամ համոզվում է, որ խաղաղ ապրելու և զարգանալու իրավունքն ամեն անգամ վերանվաճելու է՝ մշտապես ապավինելով սեփական բազկի ուժին, ունենալով հզոր բանակ և ամուր պետականություն։
20-րդ դարասկզբին թուրքական զորքերի դեմ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում մղած հերոսամարտերը յուրօրինակ սխրանքների տարեգրություն են։ Հայ ժողովրդի՝ պետություն ունենալու երազանքն իրականություն դարձավ ազգային անօրինակ սխրանքի գնով։
Այստեղ՝ հինավուրց Ղարաքիլիսայի մատույցներում, ավելի քան մեկ դար առաջ դեմ դիմաց կանգնած էին հայկական զորքը և նրան կրկնակի թվով գերազանցող թշնամին։ Ղարքիլիսեցիները Ղշլաղ գյուղի մոտ, Բզովդալի մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին ծավալած մարտերով ստիպեցին թուրքական զորքի գերակշիռ մասին նահանջել։ Ղարաքիլիսեցիների սխրանքով հիացավ նաև թուրքական զորքի հրամանատարը՝ արտաբերելով. «Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել» ։ Մենք՝ ղարաքիլիսեցիների զավակներս, պարտավոր ենք աչքի լույսի պես պահել մեր նախնիների արյամբ սրբագործված և մեզ ավանդված Վանաձորը։
Սիրելի հայրենակիցներ, սիրելի վանաձորցիներ, մայիսի 28-ը կոչ է բոլորիս՝ միավորվելու ազգային հզոր պետություն կառուցելու ճշմարիտ նպատակի իրականացման գործընթացի շուրջ՝ հանուն մեր հայրենիքի նոր օրվա կերտման և նոր ձեռքբերումների։ Միասնություն եմ մաղթում աշխարհասփյուռ հայությանը, խաղաղություն և բարեկեցություն եմ մաղթում հայ ժողովրդին։ Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը։

You May Also Like