Մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետի աշխատանքային այցը Գերմանիա

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ իրականացվող «Լավ կառավարում հանուն Տեղական Զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի «Քաղաքների ցանց Հարավային Կովկասում» նախաձեռնության շրջանակում Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը ուսումնական այցով մեկնել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այցի նպատակը տեղի նախադպրոցական համակարգի և լայն առումով կրթության փորձի ուսումնասիրությունն էր: Վանաձորից հրավիրված էր նաև թիվ 30 մանկապարտեզի տնօրեն Քրիստինա Պապանյանը։ Փորձի փոխանակման նպատակով Գերմանիայի Բիբերախ քաղաք էր հրավիրվել 13 մանկավարժ Հայաստանից և Վրաստանից։ Նրանց ընդունել է քաղաքապետ Նորբերտ Զեյդլերը։ Այցի շրջանակում «Քաղաքների ցանց Հարավային Կովկասում» նախաձեռնության մանկավարժները միմյանց հետ կիսվել են իրենց փորձով, ստացել անհրաժեշտ գիտելիքներ, որոնք հետագայում մշակվելու և տեղայնացվելու հնարավորություն դեպքում կարող են կիրառվել նաև Վանաձորի մանկապարտեզներում։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին GIZ-ի «Քաղաքների ցանց» ծրագրի «Մանկապարտեզների կառավարում» ենթածրագրի շրջանակում Վանաձոր էր ժամանել Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի պատվիրակությունը՝ Հերբերտ Ունաշի գլխավորությամբ։ Վանաձորի համայնքապետարանում քննարկվել էր տեղի փորձը, ոլորտի պատասխանատուների հետ համատեղ այցելություն էր իրականացվել N 30 մանկապարտեզ, որտեղ հյուրերը ծանոթացել էին պայմաններին, համակարգի առանձնահատկություններին։
Փոխայցելությունները շարունակական են լինելու։

You May Also Like