Արկադի Փելեշյանը Սանկտ Պետերբուրգի տնակային ավան

Հունիսի 25-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը Սանկտ Պետերբուրգի տնակային ավանում էր։ Նախորդ օրը, տնակների բնակիչները եկել էին համայնքապետարան’ պահանջելով լուծում գտնել. տնակներում են 30 տարուց ավելի, զուրկ կենցաղային հարմարություններից։
Արկադի Փելեշյանը այցելեց տնակային ավան’ տեղում տեսնելու, թե որ խնդիրներին կարող է համայնքապետարանը լուծում տալ։
Համայնքի պաշտոնակատարի հետ տնակային ավանում էին համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, Կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Բենիկ Նազարյանը, Համայնքի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը։
Համայնքապետի պաշտոնակատարը բնակիչների հրավերով եղավ մի քանի տնակում, տեսավ վնասված տանիքները։
Բնակիչները դժգոհեցին նաև ավանի սանիտարական վիճակից. առնետներն ու ագռավները վխտում են։
Համայնքի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը նշեց, որ այս ավանի բոլոր տնակները ընդգրկված են ցուցակում և փոխհատուցում են ստանալու բնակարան ձեռք բերելու համար։
Արկադի Փելեշյանն ասաց, որ Համայնքն էլ, Կառավարությունն էլ ուզում են հնարավորինս արագ ու հիմնավոր լուծում տալ տնակների խնդրին։ Այս պահին, սակայն, խոստումների փոխարեն, Արկադի Փելեշյանն առաջարկեց միջոցներ տրամադրել կենցաղային պայմանները բարեկարգելու համար։
Քաղաքացիները համաձայնեցին. նրանց կտրամադրվի տանիքների համար ծածկաթիթեղ, կոմունալ բաժինը կլուծի առնետների ու ագռավների խնդիրը։
Տնակների հարևանությամբ մեծ ջրափոսերը ևս կլցվեն։ Սա թեև ժամանակավոր լուծում է, բայց համոզված են’ շուտով տնակներից էլ դուրս կգան։

You May Also Like