Աշխատանքային խորհրդակցություն Վանաձորի համայնքապետարանում

Այսօր՝ հունիսի 20-ին, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին ներկա էին համայնքի աշխատակազմի բաժինների պետերն ու ծառայությունների ղեկավարները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքապետարանի աշխատանքների արդյունավետ կատարման, համայնքում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների լուծման, ինչպես նաև քաղաքացիներին ծառայությունների մատուցմանը վերաբերող հարցեր:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կոմունալ ծառայության ուշադրությունը հրավիրեց համայնքի տարածքում սանիտարական մաքրման աշխատանքների արդունավետ իրականացման նկատմամբ, պահանջելով ամենօրյա խիստ հսկողություն:
Հանձնարարվեց տեղորոշել և հաշվառել ջարդոնի տեսքով մեքենայի թափքերի առկայությունը քաղաքի տարբեր հատվածներում և սահմանված կարգով դրանք հեռացնել սեփականատերերի ուժերով: Հունիսի 24-ից Վանաձոր համայնքում կսկսվեն փոսային նորոգման աշխատանքները և որոշ հատվածներում անհրաժեշտ է ազատել տարածքներն աշխատանքներին խաչընդոտող անօգտագործելի մեքենաների թափքերից և ոստիկանության հետ համագործակցությամբ հեռացնել երկարաժամկետ կանգառված տրանսպորտային միջոցները:
Հաշվի առնելով Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրինության խնդրանքը, հանձնարարվեց թատրոնի հարակից հրապարակում սահմանված կարգով տեղադրել ավատոմեքենաների կայանելն արգելող նշան:
Խորհրդակցության ընթացքում կարևորվեց ծառայությունների մատուցման գնումների գործընթացը: Տեղեկացվեց , որ համայնքի բնակիչներին ամենից շատ հուզող հարցը՝ Վանաձոր համայնքի տարածքում թափառող կենդանիների վնասազերծումը, առաջիկայում լուծում կստանա, քանի որ սահմանված ժամկետում սպասվում է մրցութային փաթեթների բացման և գնահատման գործընթաց:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարն անդրադարձավ նաև ընթացիկ այլ համայնքային խնդիրների: Տրվեցին հանձնարարականներ և սահմանվեցին դրանց կատարման ժամկետները:

You May Also Like