Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ներկա էր «Մեծ հաղթանակի դեմքերը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը Գյումրու Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հրավերով Վանաձորի կերպարվեստի թանգարանում ներկա գտնվեց «Մեծ հաղթանակի դեմքերը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը։
Բացման հանդիսավոր արարողությանը, ի թիվս բազմաթիվ հյուրերի, արվեստագետների և արվեստասերների, պատվավոր հյուրեր էին վանաձորցի վետերանները։
Ողջույնի խոսքով հանդես եկան Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը և Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Անտոն Բերյանևը։ Արման Բերնեցյանը խոնարհման և գնահատանքի խոսք ուղղեց Մեծ Հայրենականի հաղթանակը կերտած հայորդիներին, պատմական ակնարկ կատարեց, ապա հիշեցրեց խորհրդային տարիներին «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» կարգախոսի ներքո իրականացվող պետական քաղաքականությունը, որի ոգով դաստիարակված սերունդը Արցախյան առաջին պատերազմում կերտեց հաղթանակ։ Գլխավոր խորհրդականը կարևորեց նաև ժողովուրդների՝ խաղաղ համակեցությամբ ապրելու անհրաժեշտությունը, բայց և կենսական անհրաժեշտություն համարեց «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» կարգախոսի հայրենասիրական ոգով նոր սերունդներ կրթելու գործը։
Ցուցահանդեսը «Ռոսսոտրուդնիչեստվայի», ВТБ Հայաստան» բանկի, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան և լուսանկարիչ Տաթև մնացականյանի համատեղ ծրագիրն է, որի շրջանակում արվեստասեր հասարակությանն են ներկայացվել Հայաստանում ապրող Հայրենական Մեծ պատերազմի մասնակից 110 վետերանների լուսանկարներ, որոնք արվել են 2021 թվականին։
Կարմիր ժապավենը կտրելուց հետո հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու ցուցահանդեսը, որտեղ ներկայացված լուսանկարներից ժպտացող հայրենիքի պաշտպաններից 20-նն արդեն մեզ հետ չեն, սակայն նրանց հիշելն ու պատվելը ապագա հաղթանակների գրավականն է։

You May Also Like