Ներկայացվեց Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի նախագիծը

Հոկտեմբերի 7-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի նախագծի հանրային բաց լսումը և քննարկում։ Հանրային լսումն իրականացրեցին Վանաձորի համայնքապետարանը և «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի աշխատակազմը։ Նպատակը Վանաձոր համայնքում ԿԿԹ ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագիծը ՏԻՄ-ին և հանրությանը ներկայացնելն էր։ Հանրային լսումը վարեցին Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հայկ Վիրաբյան, Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Բենիկ Նազարյանը։
Վանաձոր քաղաքի աղբահանության ռազմավարական պլանը մշակվել է ԵՄ ֆինանսավորմամբ և Վանաձորի և Գյումրիի համայնքապետրանների համաֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակում։
Պլանի մշակումն իրականացվել է Վանաձորի համայնքապետարանի աշխատանքային խմբի և ծրագրային թիմի աջակցությամբ:
Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Հայաստանի մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքները՝ Գյումրին և Վանաձորը, Լեհաստանի եվրոպական գործընկեր քաղաք Պիլայի աջակցությամբ, իրականացնում են քաղաքային կառավարման, հանրային տրանսպորտի, աղբահանության/թափոնների կառավարման և քաղաքաշինության ոլորտների բարելավմանն ուղղված ծրագիր՝ «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ Դաշինք (Alliance for Better City Governance))։
Վանաձոր և Գյումրի քաղաքներում կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավումը Ծրագրի բաղադրիչներից մեկը է, որին հասնելու նպատակով մշակվել է ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագիծ։ ԿԿԹ կառավարման ազգային ռազմավարության նպատակների իրականացումը մեծապես կախված է տեղական մակարդակում թափոնների կառավարումից։ Աղբավայր հեռացվող թափոնների քանակի կրճատման կամ օգտահանվող թափոնների քանակի ավելացման ազգային թիրախներին հասնելը կախված է տեղական մակարդակում տեսակավորված հավաքման պլանավորումից և դրա իրականացումից, ինչը հաճախ բախվում է մի շարք խնդիրների։ Տեսակավորված հավաքման արդյունավետությունն ուղղակիորեն կապված է բնակչության վարքագծից։ Պլանավորման անբաժանելի մաս պետք է կազմեն իրազեկության բարձրացման ծրագրերը և ՏԻՄ-երի կողմից համայնքի հետ տարվող այլ աշխատանքներ։
Հանրային քննարկմանը զեկույցներ ներկայացրեցին «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» («ԿԿԿ Դաշինք») ծրագրի ԿԿԹ հարցերով փորձագետ՝ Արմեն Վարոսյանը, պլաստիկ թափոների հարցերով փորձագետ՝ Սամվել Նազարյանը և իրավական հարցերով փորձագետ՝ Վահագն Պետրոսյանը։
Արձանագրությանը ծանոթանալ հետևյալ հղումով

You May Also Like