Փետրվարի 7-ին Թեժ Լեռան հովտում կայացավ ավանդական դարձած <<Լոռվա Ձմեռ-2016>> 46-րդ մարզատոնահանդեսը, որն իր շուրջն էր հավաքել հազարավոր մարզիկների, լոռեցիների ու հյուրերի Հայաստանի տարբեր քաղաքներից:
Միջոցառման սկզբում նախ ողջույնի խոսք, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ, ջահի վառման հանդիսավոր արարողություն,բեմահարթակում՝ ուրախ երգ ու պար, բեմից ներքև՝ մրցելույթներ 18 մարզաձևերում, որոնց հաղթողներն արժանացան Վանաձորի քաղաքապետարանի պատվոգրերի և հուշանվերների:
Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանի հավաստմամբ՝ մարզատոնահանդեսի բուն նպատակը ոչ միայն լոռեցիներին ևս մեկ անգամ հաճելի պահեր պարգևելն է, այլ նաև նրանց մեջ սերմանել առողջ ապրելակերպը: Մացակյանը փաստում է՝ սա սպասված տոն է ոչ միայն վանաձորցների ու լոեցիների, այլ նաև բոլորի համար:
Տարբեր տարիքի, սեռի ու պաշտոնի հազարավոր քաղաքացիներից ամեն մեկը Լոռվա Ձմեռ եկել էր մի նպատակով՝ մեկը մրցելու, մյուսը՝ սահնակ քշելու, հաջորդն ՝էլ պարզապես մարզվելու ու լավ ժամանակ անցկացնելու համար:
Կարինե Պետրոսյանը Երևանից է, մարզատոնահանդեսին առաջին անգամ է մասնակցում, տպավորված է, ասում է՝ ամեն տարի անպայման գալու է:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն, ով 46 տարի շարունակ մասնակցել է Լոռվա Ձմեռ մարզատոնահանդեսին, հիշում է՝ սկզբում որպես հանդիսատես, հետո մասնակից, իսկ վերջին 16 տարիներին արդեն կազմակերպիչ է ներկայանում տոնին:
Մարզատոնահանդեսին չմոռացվեց նաև կազմակերպչի մասին՝ Լյուդվիգ Պետրոսյան, ով նախոչրդ տարի հեռացավ կյանքից: Քաղաքապետը փառք է տալիս Պետրոսյանին ու բոլոր այն մարդկանց, ովքեր ստեղծեցին <<Լոռվա Ձմեռ>>-ն ու հասցրեցին մինչև մեր օրեր:
Լոռվա հաճելի բնություն, սպորտային գեղեցիկ միջոցառումներ, ուրախ երգ ու պար ոչ միայն Վանաձորի խմբերի ու անհատ կատարողների, այլ նաև Վանաձորի <<Ուկրաինական ազգագրական երգի համույթ>-ի կողմից:
Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի կողմից արվեց ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը՝ վաղ առավոտից մինչ ուշ գիշեր տոնը էլ ավելի գեղեցիկ ու անմոռանալի դարձնելու համար: