Այսօր աշխատանքային շրջայցի ընթացքում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են Վանաձորի թիվ 4, թիվ 8 և թիվ 11 մանկապարտեզներ:
Վանաձորի թիվ 4 մանկապարտեզի շենքի կառուցման առաջին փուլը մեկնարկել է այս տարի։ Այն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք ներդրմամբ: Արժեքը 173.8 մլն դրամ է: Մանկապարտեզը կառուցվում է տիպային նախագծով՝ 2 խմբի՝ շուրջ 50 երեխայի համար: Մանկապարտեզը շահագործման կհանձնվի մինչև 2024թ. տարեվերջ:
Վանաձորի թիվ 8 մանկապարտեզում իրականացվում է կառուցման երկրորդ փուլը։ Ծրագրի արժեքը 308.5 մլն դրամ է: Մանկապարտեզը նախատեսված է 8 խմբի՝ 180-200 երեխայի համար: Այն նույնպես շահագործման կհանձնվի մինչև ընթացիկ տարվա վերջ:
Վանաձորի թիվ 11 մանկապարտեզը շուտով ամբողջական նորոգված կլինի։ Երկու մասնաշենքերից առաջինը հիմնանորոգվել է 2018թ.-ին Հայաստանի տարածքային հիմնադրամի միջոցներով։ Բարերարների աջակցությամբ նոր գույք է ձեռք բերվել: Երկրորդ մասնաշենքի կառուցումն իրականացվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ 55 մլն դրամ արժեքով: Շահագործման կհանձնվի առաջիկայում։
Մարզի ու համայնքի ղեկավարները շրջել են մանկապարտեզում, ուշադրության առել երեխաներին տրվող սնունդն ու մյուս պայմանները։