«Քեսաբ» կինոդիտում և քննարկում Վանաձորում

Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում (հասցեն՝ Տիգրան Մեծի 2, ք. Վանաձոր) «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ տեղի կունենա «Քեսաբ» ֆիլմաշարի առաջին մասի ցուցադրությունը: Ֆիլմին կհաջորդի քննարկում ֆիլմի համահեղինակ, ռեժիսոր Նանե Բագրատունու հետ:

Ֆիլմաշարի առաջին ֆիլմը ներկայացնում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին, Միջերկրական ծովի ափին գտնվող հին հայկական բնակավայրի` Քեսաբի պատմությունը:

Ֆիլմում ներկայացվում է քեսաբցու կյանքն ու գոյատևման գաղտնիքները, ազգային ինքագիտակցությունն ու մշակութային առանձնահատկությունները, Քեսաբ հայկական մշակութային կղզին, որը հարատևել է թուրքական պետության եռակողմ հարևանությամբ, արաբների հետ համակցությամբ:

Ֆիլմի հերոսները հենց տեղաբնակներն են` Քեսաբի բնակիչները. նրանք, ներկայացնելով իրենց պատմությունը սկսած մեր թվարկությունից առաջ` Տիգրան Մեծի ժամանակներից, հասնում են մինչ 21-րդ դար: Անդրադառնում են թուրքերի կողմից կազմակերպած 1909թ.-ի տեղահանությանն ու թալանին, 1915թ.-ի հայոց եղեռնին, և դրանից 3 տարի անց իրենց վերադարձին:

Քեսաբցի գիտնական, ազգագրագետ Հակոբ Չոլաքյանը, արաբ գիտնական Նիզար Խալիլին, պատմում են Քեսաբի պատմությունը փաստերով, իսկ բնակիչները` փոքրիկ դպրոցահասակներից մինչ տարեցներ ներկայացնում են իրենց անձնական պատմությունները, մասնավոր դիպվածներ:

102-ամյա քեսաբցի Գալիլ Նանան /Գալիլիա Մանճիկյանը/, ով 1915թ.-ին 7 ամյա աղջնակ է եղել, պատմում է եղեռնի մասին իր հիշողությունները` խոսելով իր ձեռքի փրկարար դաջվածքի մասին:

«Քեսաբ» վավերագրական ֆիլմ-նախագծի մտահղացման հեղինակներն են Մխիթարյան միաբանության վարդապետ Հայր Համազասպ Քեշիշյանը, Նորայր Մելքոնյանը, Նանե Բագրատունին, Լիպարիտ Ասատրյանը: Ֆիլմը նկարահանվել է 2009-2010թթ.-ին:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել «Մեդիա կենտրոն» (+374 60) 505 898, (+374 99) 755 898: Էլ փոստ` mediacenter@mynews.am:

You May Also Like

Leave a Reply