ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) / (ABC.GoV) Alliance for Better City Governance) ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է.
նպաստել Վանաձորի և Գյումրու քաղաքային կայուն կառավարմանը՝ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև Լեհաստանի (ԵՄ) Պիլա համայնքի հետ գործընկերային փորձի փոխանակման միջոցով։
Ծրագրի բաղադրիչներն են․
1. Վանաձոր և Գյումրի համայնքների քաղաքային կայուն համակառավարման քաղաքականության ու գործիքների բարելավում՝ քաղաքաշինական ոլորտին և համայնքային ծառայություններին առնչվող փաստաթղթերի մշակման կամ լրամշակման, դրանք ազգային և ԵՄ չափորոշիչների համահունչ դարձնելու միջոցով։
Այս բաղադրիչի շրջանակում կներդրվի նաև աշխարհագրական տեղեկատվական համակարգ (GIS) Վանաձոր և Գյումրի համայնքներում քաղաքաշինական պլանավորումը բարելավելու նպատակով։
2. Աջակցություն Վանաձոր և Գյումրի քաղաքներին ավելի մաքուր շրջակա միջավայր ստեղծելու և բարելավված քաղաքային կառավարում ապահովելու գործում՝ ներդնելով «կանաչ» հանրային տրանսպորտի կիրառման և պլաստիկ թափոնների վերամշակման պրակտիկա, համադրելով դրանք այդ նպատակներին ուղղված հանրային «կանաչ» նախաձեռնությունների հետ։ Այս բաղադրիչի շրջանակում մասնավորապես ձեռք են բերվելու.
• էլեկտրական ավտոբուսներ էլեկտրական լիցքավորմամբ՝ Վանաձոր, Գյումրի համայնքների համար
• Տոմսա-վավերացման էլեկտրոնային համակարգեր և լիցքավորման կայաններ
• Նոր տեխնոլոգիաներով պլաստիկ աղբի վերամշակման 2 հոսքագիծ
• Ընդհանուր աղբի և աղբի տեսակավորման աղբամաններ
• Մամլիչներ
• Ավլող մեքենաներ
Իրականացվելու է բնակչության և շահակիր բոլոր կողմերի վարքագծի փոփոխությանն ուղղված լայնածավալ իրազեկման, կրթական և տեղեկատվական արշավներ, համայնքային 8 «կանաչ» նախաձեռնություններ՝ ուղղված հանրային տարածքների բարելավմանը՝ «տարածքակազմակերպման» մասնակցային մեթոդի կրառմամբ և ջերմոցային գազերի ու ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու նպատակով։
3. Վանաձորի և Գյումրու համայնքապետարանների աշխատակազմերի կարողությունների բարելավում քաղաքային կայուն կառավարման, «կանաչ» տրանսպորտային համակարգի և աղբի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների կիրառման գործում՝ Լեհաստանի Պիլա համայնքի հետ փորձի փոխանակման, մասնագիտական դասընթացների և եվրպական առաջատար փորձին ծանոթանալու միջոցով։
Փորձի փոխանակումն ու վերապատրաստումները ներառելու են․
– Աշխարհագրական տեղեկատվական համակարգը (GIS)
– Էլեկտրական լիցքավորմամբ հանրային տրանսպորտի կառավարումը
– Տվյալ ոլորտներում իրավական և քաղաքականության փաստաթղթերի մշակումը
– Աղբահանության կառավարման պլանավորումը
– Աղբի վերամշակման արտադրամասի շահագործումը և կառավարումը։
Փորձի փոխանակման մաս է կազմում «Քաղաքը՝ քաղաքին․ համատեղ ջանքեր՝ ուղղված քաղաքային կայուն համակառավարմանը» թեմայով տարածաշրջանային համաժողովի կազմակերպումը։
Ծրագրի իրականացման արդյունքում Վանաձոր և Գյումրի համայնքներում տեղի կունենան զգալի և տեսանելի փոփոխություններ։

You May Also Like